Քեյնն ու Սոնը մի շարք տպավորիչ ցուցանիշներ են գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Լոնդոնյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրին Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը, ովքեր աչքի ընկան մեկական անգամ։ Անգլիացի հարձակվողը նաև իր անվան դիմաց գոլային փոխանցում գրանցեց՝ օգնելով աչքի ընկնել հենց Սոնին։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Քեյնն ու Սոնը Պրեմիեր լիգայի շրջանակում միմյանց ընդհանուր առմամբ կատարել են 13 գոլային փոխանցում։ Քեյնի փոխանցումներից հետո Սոնն աչքի է ընկել 9 անգամ, իսկ հարավկորեացին իր հերթին անգլիացուն օգնել է 4 անգամ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Պրեմիեր լիգայի շրջանակում Քեյնն ու Սոնը կրկնել են «Բլեքբեռնի» նախկին ֆուտբոլիստներ Ալան Շիրերի և Քրիս Սաթոնի ցուցանիշը, երբ 1994/95 մրցաշրջանում միմյանց կատարել են 13 գոլային փոխանցում։ Բանն այն է, որ Սոնին ու Քեյնին այդ ցուցանիշին հասնելու համար բավարար է եղել ընդամենը 16 հանդիպում, իսկ Շիրերին ու Սաթոնին՝ 42։
Հարի Քեյնը ևս երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել։
Ինչպես նշեցինք վերևում, ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը Հին Մին Սոնին արդեն կատարել է 9 գոլային փոխանցում, ինչը մեկ մրցաշրջանի ընթացքում ռեկորդի կրկնություն է։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Քեյնը կրկնել է Մայք Նյուելի («Բլեքբեռն») և Սթենլի Քոլիմորի («Լիվերպուլ») ռեկորդային ցուցանիշները, ովքեր նույն՝ 1995/96 մրցաշրջանում 9-ական անգամ գոլային փոխանցում են կատարել համատասխանաբար Ալան Շիրերին և Ռոբի Ֆաուլերին։
Բացի դրանից, Քեյնը ԱՊԼ-ի շրջանակում դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով կայացած 16 տուրերից հետո նվազագույնը դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացին 16 խաղից հետո իր ակտիվում ունի արդեն 10 գոլ և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ մասին տեղեկացնում է Sky Sports-ը։
Այդ ցուցանիշով Քեյնը գերազանցել է «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ցուցանիշը, ով 2009/10 մրցաշրջանում 10+10-ի հասել էր մեկնարկային 17 տուրերի ընթացքում։
Հին Մին Սոնն էլ, «Լիդսի» դեմ խաղում 43-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփեց իր 100-րդ գոլը։ Նրան այդ ցուցանիշին հասնելու համար պահանջվել է 253 հանդիպում։
Ինչպես գրում է Gracenote Live-ը, հարավկորեացին դարձավ «Տոտենհեմի» պատմության շրջանակում նման ցուցանիշ գրանցաց 18-րդ ֆուտբոլիստը, սակայն, Սոնն առաջինն է, ով 100 գոլի սահմանագիծը հատում է՝ չլինելով Մեծ Բրիտանիայից կամ էլ Իռլանդիայից։
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Բլեքբեռն, Լիդս, Լիվերպուլ, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Ռոբի Ֆաուլեր, Սեսկ Ֆաբրեգաս, Տոտենհեմ