Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում և գոտեմարտի ժամանակացույցը
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոստի 7-ի մրցումային օրը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարելու է կրկնակի չեմպիոն դառնալու համար։
32-ամյա ըմբիշի մրցակիցը եզրափակիչում լինելու է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավին։
Ալեքսանյանն ու Սարավին նախկինում գոտեմարտել են երեք անգամ. բոլոր դեպքերում հաղթել է հայ ըմբիշը։
Ըմբշամարտի մեդալային գոտեմարտերը մեկնարկելու են Երևանի ժամանակով 20:15-ից։ Ալեքսանյանի գոտեմարտն, ըստ հերթականության, 12-րդն է լինելու։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պատմության մեջ միակ հայ մարզիկն է, որն օլիմպիական բոլոր մեդալները նվաճել է։ Նա 2012 թ. Լոնդոնում գրավել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի, 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել օլիմպիական չեմպիոն, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հասել է եզրափակիչ և պարտվել Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին` նվաճելով արծաթե մեդալը։ Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Ալեքսանյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Մոհամադհադի Սարավի, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր