Փարիզ-2024. Պայքարի մեջ կլինեն Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ին պայքարի մեջ կլինեն Հայաստանի վերջին երեք ներկայացուցիչները։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հանդես կգա 65 կգ քաշային կարգում։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից և կգոտեմարտի վրացի Գոդերձի Զեբիաշվիլիի դեմ։ Ըմբշամարտի մրցումային օրը Երևանի ժամանակով մեկնարկելու է 13:00-ից։
13:30-ից մրցահարթակ դուրս կգա ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն ու բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը, որը հանդես է գալու 102 կգ քաշային կարգում։
22:30-ից մեդալների համար կպայքարի ևս մեկ ծանրորդ, աշխարհի առաջնությունների կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, կրկնակի արծաթե մեդալակիր, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը։ +102 կգ քաշային կարգում նրա գլխավոր մրցակիցները լինելու են օլիմպիական կրկնակի, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, համաշխարհային բազմաթիվ ռեկորդների հեղինակ վրացի Լաշա Տալախաձեն ու ծանրամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը։ 29-ամյա Մինասյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի առաջնությունների եռակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի արծաթե մեդալակիր, Ասիայի կրկնակի չեմպիոն։ Գերծանր քաշային կարգի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 22:30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարիկ Կարապետյան, Գոռ Մինասյան, Ըմբշամարտ, Լաշա Տալախաձե, Ծանրամարտ, Վազգեն Թևանյան, Վարազդատ Լալայան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր