Տրանսֆերային շրջադարձ․ Չելսին փախցնո՞ւմ է Վերներին Լիվերպուլի ձեռքից
«Լայպցիգի» 24-ամյա հարձակվող Տիմո Վերներն անչափ մոտ է «Չելսի» տեղափոխությանը։ Լոնդոնյան ակումբն առաջ է անցել մյուս մրցակիցներից, որոնք պայքարում էին խաղացողի տրանսֆերի համար և այժմ հենց «Չելսին» է առաջատար այդ պայքարում։ Այդ մասին տեղեկացնում է Sport1.de-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ գրառում կատարելով Twitter-ի իր օգտահաշվում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի համար Վերները տրանսֆերային գլխավոր նպատակն է՝ ցանկանալով նրա շուրջ կառուցել թիմի խաղը։ Նշվում է, որ անգլիացի մասնագետը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել խաղացողի հետ՝ կարողանալով նրան մտքափոխել, ինչից հետո Վերները ցանկանում է տեղափոխվել հենց «Չելսի», այլ ոչ թե «Լիվերպուլ»։
Իսկ ահա ինչպես տեղեկացնում է գերմանացի լրագրող Քրիստիան Ֆալկը՝ հղում կատարելով Bild-ին, լոնդոնյան ակումբն արդեն պայմանագիր է առաջարկել Վերներին։ Կողմերի միջև պայմանագիրը կկնքվի մինչև 2025 թվականի, իսկ խաղացողի տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո։
Սակայն, ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Չելսին» որքան էլ Վերների հարցում առաջ է անցել մրցակիցներից, միևնույնն է, տրանսֆերի հարցում վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթվա սկզբին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Տիմո Վերների և «Լայպցիգի» միջև կնքված պայմանագրում կա մի կետ, ըստ որի, խաղացողի հրաժարագինը մինչև հունիսի 15-ը կազմելու է 55 մլն եվրո։
Տիմո Վերներին մոտ կանգնած աղբյուրներից մեկը նշում է, որ խաղացողն ուրախ կլիներ հանդես գալ «կապույտների» կազմում, չնայած՝ նախընտրում է հանդես գալ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, ում համարում է աշխարհի լավագույն մարզիչը։
24-ամյա գերմանացի հարձակվողը ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ, որտեղ կունենա կանոնավոր խաղաժամանակ։
Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրային էլ հաջողվել է որոշ մանարամասներ պարզել, թե ինչու է «Լիվերպուլը» դուրս մնացել խաղացողի համար մղվող պայքարից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» Վերներին առաջարկել է այն նույն աշխատավարձի չափը, ինչ «Չելսին» (տարեկան 10 մլն եվրո) և «Լայպցիգի» ղեկավարությանը խնդրել է, որպեսզի նվազեցնի խաղացողի գինը, սակայն մերժում է ստացել։ Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 55 մլն եվրո և վճարել 10 մլն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը խաղացողի համար պայքարում գլխավոր ֆավորիտը «Լիվերպուլն» էր, իսկ Տիմո Վերները բազմիցս նշում էր, որ ցանկանում է հանդես գալ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 25 գոլի հեղինակ։
# Լայպցիգ, Լիվերպուլ, Նիկոլո Սկիրա, Չելսի, Տիմո Վերներ, տրանսֆերներ