Տոտենհեմը, հնարավոր է, խնդիրներ ունենա Զե Լուիշին ձեռք բերելու հարցում
Լոնդոնի «Տոտենհեմը» և պորտուգալական «Պորտուն» համաձայնության են հասել հարձակվող Զե Լուիշի վարձակալության հարցով։
Գործարքով զբաղվել է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է նաև լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի շահերը։
Այժմ անգլիական ակումբը Կաբո Վերդեի հավաքականի հարձակվողի համար պետք է ձեռք բերի աշխատանքի իրավունք։
Զե Լուիշը չունի Եվրամիության անձնագիր։ Այդ դեպքում Պրեմիեր լիգան պահանջում է, որպեսզի վերջին երկու տարում տվյալ խաղացողը մասնակցած լինի իր հավաքականի հանդիպումների 75%-ին, իսկ այն հավաքականը, որի կազմում հանդես է գալիս այդ ֆուտբոլիստը, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում չպետք է 50-ից ցածր հորիզոնական զբաղեցնի։
Սակայն, Զե Լուիշը չի բավարարում ԱՊԼ-ի ոչ մի պահանջի, քանի որ Կաբո Վերդեի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը, իսկ խաղացողը 2 տարվա դադարից հետո միայն նախորդ տարի է վերադարձել ազգային հավաքական։
«Տոտենհեմն» այս պարագայում կարող է բողոքարկել՝ դիմելով Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային։ Հատուկ հանձնաժողովը անհատական կարգով կդիտարկի 28-ամյա հարձակվողի գործը՝ կայացնելով որոշում։
# ԱՊԼ, Զե Լուիշ, Պորտու, Տոտենհեմ, տրանսֆերներ