Գերմանիայի հավաքականը լուրջ կորուստ ունի առաջիկա խաղերից առաջ
Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը բաց կթողնի «բունդեսմանշաֆթի» առջիկա երեք հանդիպումները, որոնք կայանելու են աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Կրոսը հավաքականի ճամբար էր ժամանել արդեն ունենալով մկանային խնդիրներ։ Լրացուցիչ բուժզննումից հետո պարզ դարձավ, որ վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է, և 31-ամյա ֆուտբոլիստը չի կարող օգնել իր հավաքականին առաջիկա խաղերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսն արդեն լքել է Դյուսելդորֆում գտվնող Գերմանիայի հավաքականի ճամբարը և վերադարձել է Իսպանիա։
Գերմանիայի հավաքականն աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում մարտի 25-ին և 31-ին Դույսբուրգում կընդունի համապատասխանաբար Իսլանդիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին, իսկ այդ խաղերի արանքում՝ ամսի 28-ին կհյուրընակալվի Ռումինիայի ընտրանուն։
Հավելենք, որ Տոնի Կրոսն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշերի շրջանակում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, Գերմանիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս