Տեսադարան N22. Չելսի – Բարսելոնա?

Տեսադարան N22. Չելսի – Բարսելոնա?

16/04/2020 - 13:54

Տեսադարանի այսօրվա հանդիպման շրջանակում ձեր ուշադրությանն ենք ներկայանցում Չեմպիոնների լիգայի լեգենդար 2004/05 խաղարկության շրջանակում կայացած 1/8 եզրափակչի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության պատասխան հանդիպումը։

2003 թվականին «Պորտուի» հետ Չեմպիոնների լիգայի գավաթն ականկալ կերպով նվաճելուց հետո Ժոզե Մոուրինոյին անհրաժեշտ էր նոր՝ ավելի հզոր մարտահրավեր, այդ իսկ պատճառով ընդունեց «Չելսին» գլխավորելու առաջարկը և 2004 թվականին ստանձնեց «ազնվականների» գլխավոր մրազչի պաշտոնը՝ ստեղծելով բավականին հզոր և անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում՝ գրեթե անպարտելի թիմ։

Առաջին իսկ մրցաշրջանում Ժոզեն նվաճեց Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Նվաճեց այն էլ ինչպես։ Լոնդոնյան ակումբը ողջ մրցաշրջանի ընթացքում կրեց ընդամենը մեկ պարտություն: Այդ պարտությունն էլ կարող էր չլիներ, քանի որ «կապույտների» միակ պարտությունը գրանցվեց 9-րդ տուրում, երբ 1։0 հաշվով պարտվեցին այն ժամանակ դեռևս շեյխերի փողերը չտեսած «Մանչեսթեր Սիթիին»։ Ողջ մրցաշրջանի ընթացքում լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում բաց թողեց ընդամենը 15 գոլ, ինչը դեռևս անգերազանցելի ռեկորդ է առաջնության շրջանակում ու դժվար է պատկերացնել, որ մոտակա տարիներին որևէ ակումբ գերազանցի այդ արդյունքը։ Պետեր Չեխը դարպասում, իսկ Ջոն Թերին և Ռիկարդու Կարվալյոն՝ պաշտպանությունում, անհավանական ֆուտբոլ էին ցուցադրում։

«Բարսելոնան» իր հերթին 2003 թվականին գլխավոր մարզիչ նշանակեց հոլանդացի մասնագետ Ֆրանկ Ռայկարդին և գնեց Ռոնալդինիոյի տրանսֆերը, ինչն էլ բեկումնային եղավ այդ ժամանակվա «Բարսելոնայի» համար, քանի որ սկսեց անհավանական գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել։ Առաջին մրցաշրջանում Ռայկարդին չհաջողվեց նվաճել որևէ գավաթ, սակայն 2004 թվականին ակումբը ձեռք բերեց նաև կամերունցի հարձակվող Սամուել Էտօ’Օյին, ով հարձամկան կրակագծում սկսեց հիանալի ֆուտբոլ ցուցադրել՝ Լա լիգայում խփած 24 գոլով օգնելով իր թիմին դառնալ Իսպանիայի չեմպիոն։ Կատալոնացիները 6-րդ տուրից սկսած գլխավորեցին մրցաշարային աղյուսակը և այլև բաց չթողեցին առաջատարի դիրքը։

Երկու թիմերն էլ Չեմպիոնների լիգայի 2004/05 խաղարկությանը մոտենում էին կարելի է ասել ֆավորիտներից մեկի կարգավիճակով։ Խմբային փուլը «Չելսին» հաղթահարեց հեշտությամբ, սակայն ճակատագրի հեգնանքով Ժոզե Մոուրինիոն հանդիպեց իր նախկին ակումբին՝ «Պորտուին»։ Կողմերը տարան մեկական հաղթանակ։ Բացի այդ պարտությունից՝ «ազնվականները» մեկ հանդիպում էլ անցկացրին ոչ-ոքի, իսկ մյուս հանդիպումներում տարան 4 հաղթանակ և 13 միավորով դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։

«Բարսելոնան» ոչ այնքան վստահ, սակայն երկրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Ֆրանկ Ռայկարդի թիմը նույն խմբում էր հայտնվել վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում տոն տվող «Միլանին»։ Մեկ անգամ հաղթեց «Միլանը», մեկ անգամ էլ՝ «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբն ընդամենը 10 միավոր վաստակեց, քանի որ վերջին երկու տուրերում չկարողացավ առավելության հասնել «Սելթիկի» և «Կիևի Դինամոյի» նկատմամբ։

Վիճակահանության արդյունքում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում իրար դեմ պետք է դուրս գային եվրոպական ֆուտբոլի ամենաարագ պրոգրես գրանցող երկու ակումբները։ Դիմակայության առաջին խաղի բոլոր գնդակները հեղինակեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, սակայն խաղն ավարտվեց 2։1 հաշվով, քանի որ խաղի 33-րդ րոպեին Ժուլիանո Բելետին դարձել էր ինքնագոլի հեղինակ։ Հենց այդ ինքնագոլն էլ կարելի է ասել վճռեց դիմակայության ելքը։

Պատասխան խաղում լոնդոնյան ակումբն իսկական դաս տվեց «կապտանռնագույններին», և եթե չլիներ Ռոնալդինիոն, ով անհավանական ֆուտբոլ էր ցուցադրում, խաղը, հավանաբար, կավարտվեր խոշոր հաշվով։ Այդ խաղում բրազիլացի ֆուտբոլիստը հեղինակեց իր կարիերայի ամենագեղեցիկ գնդակներից մեկը։

Նույնիսկ առաջին խաղակեսում Ռոնալդինիոյի դուբլը չօգնեց կատալոնական ակումբին շարունակել պայքարը, քանի որ հանդիպման արդեն 19-րդ րոպեին Ժոզե Մոուրինիոյի սաները հաղթում էին 3։0 հաշվով։ Ռոնալդինիոն հավասարեցրեց դիմակայության ընդհանուր հաշիվը և 4։4 հաշվի դեպքում «Բարսելոնան» էր շարոնակում պայքարը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում Ջոն Թերին անկյունայինի խաղարկումից հետո գլխով անհավանական դիպում հարված կատարեց՝ իր թիմին դուրս բերելով քառորդ եզրափակիչ։

Հետագայում «Չելսին» դժվարությամբ պայքարից դուրս թողեց նաև «Բավարիային» (ընդհանուր 6։5), սակայն կիսաեզրափակիչում 1։0 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»՝ չկարողանալով նվաճել լեգենդար ստամբուլյան եզրափակչի իրավունք, որտեղ մերսիսայդյան ակումբը գրանցեց ՉԼ պատմության ամենատպավորիչ comeback-ը։

Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։



# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023