Վիլյառեալի հերոսը մանուկ հասակում քնում էր փողոցներում և ծնողների պատճառով թողել էր ֆուտբոլը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հանդիպման հերոս դարձավ «դեղին սուզանավի» վինգեր Սամուել Չուկվուեզեն, ով, 84-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, 88-րդ րոպեին գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը` պարգևելով իր թիմին կիսաեզրափակիչի ուղեգիր։
Երբ «Վիլյառեալը» վերջին անգամ խաղում էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում (2006 թ.), Չուկվուեզեն ընդամենը 6 տարեկան էր և դեռևս չէր զբաղվում ֆուտբոլով, ու ընդհանրապես նա ֆուտբոլիստ դառնալու ճանապարհին շատ դժվարությունների է հանդիպել։
Չուկվուեզեի ծնողները ոչ թե պարզապես կասկածում էին նրա ունակությունների վրա, այլ ամեն ինչ անում էին, որպեզի խանգարեն նրա ֆուտբոլիստ դառնալուն. նրանք արգելում էին Չուկվուեզեին զբաղվել ֆուտբոլով` պարտադրելով ավելի շատ ժամանակ տրամադրել ուսմանը։
«Մայրս ինձ ստիպում էր` մնամ տանն ու դասերս անեմ։ Ես դպրոցում վատ չէի սովորում, սակայն ցանկանում էի ֆուտբոլիստ դառնալ։
Մարզումները երեկոյան էին։ Ես գիտեի, որ ինձ կպատժեն, եթե ուշ վերադառնամ տուն, բայց, անկախ ամեն ինչից, ես հաճախում էի դրանց։
Երբ վերադառնում էի, ծնողներս ասում էին, որ ստիպված եմ գիշերել դրսում։ Մայրս ինձ տուն չէր թողնում»,- պատմում է Չուկվուեզեն, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Նույնիսկ նման արգելքները չօգնեցին, որպեսզի Սամուելը չզբաղվի ֆուտբոլով, այդ պատճառով էլ նրա հորեղբայրն արյեց Չուկվուեզեի մարզահագուստն ու խաղակոշիկները։
Չուկվուեզեն կարճ ժամանակով թողեց ֆուտբոլը. չէր ցանկանում կրկին բախվել հորեղբոր ագրեսիային։
Նրա կարիերան փրկեցին ընկերները։ Մեկ օր` առավոտյան, նրանք թակեցին Չուվուեզեների ընտանիքի դուռն ու Սամուելին կանչեցին փորձաշրջանի։
Այդ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերից սկաուտներ էին ժամանել Նիգերիա, ովքեր փնտրում էին պատանի տաղանդավոր ֆուտբոլիստների, որպեսզի իրենց հետ տանեին Պորտուգալիա` մասնակցելու մրցաշարի։
Չուկվուեզեի կիրքը ֆուտբոլի հանդեպ ընտանեկան պատմություն ունի։ Ասում են` նրա պապը լավ ֆուտբոլիստ է եղել, ով տիրապետել է ձախ ոտքի հուժկու հարվածների։
Չուկվուեզեն նույնպես մրցակիցներին հաճախ պատժում էր ձախ ոտքի հարվածներով, այդ պատճառով էլ նրա տպավորված ընկերները պնդում էին, որ նա պետք աշխատի ու փորձի դառնալ ֆուտբոլիստ։
«Ընկերներիս ասացի, որ այդ ամենն ինձ չի հետաքրքրում։ Գիտեի, որ ծնողներս չեն թողնի, սակայն ընկերներիցս մեկը չէր հանձնվում ու ասաց, որ առավոտյան կգա ինձ կվերցնի իր հետ։
Ես նրան հորդորեցի, որ չանի նման բան, բայց նա առավոտյան ժամը 6-ին մեր դռան մոտ էր»,- հիշում է Չուկվուեզեն։
Դուռը բացել էր Սամուելի մայրը, ով մանրամասն լսել էր, թե ինչու է եկել իր որդու ընկերն ու տեղեկացել էր Պորտուգալիայում մրցաշարի մասնակցելու հնարավորության մասին։ Այդ ամենից հետո ապագա ֆուտբոլիստի մայրն գնացել էր որդուն արթնացնելու։
Սեմը չէր կարողանում հավատալ, որ կատարվածը երազ չէ։ Մայրը նրան ողջ կյանքի ընթացքում արգելել էր ֆուտբոլ խաղալ, իսկ այժմ հորդորում էր, որ գնա մասնակցի փորձաշրջանին։
«Վերցրո՛ւ խաղակոշիկներդ ու գնա՛»,- այդ պահին ասել է Չուկվուեզեի մայրը։
Հետագայում Սեմի մայրը պարզաբանել է, թե ինչ է կատարվել այդ պահին։
«Աստված հայտնվեց ու ասաց. «Դու պետք է որդուդ թույլ տաս ֆուտբոլ խաղալ»»։
Փոքրիկ տղայի երջանկությանը չափ ու սահման չկար. նա այլևս կարիք չուներ թաքնվելու, որպեսզի անի այն, ինչ սիրում էր։ Ֆուտբոլն ակնթարթորեն օրինականացվեց նրա համար, սակայն այդքանով արկածները չավարտվեցին։
Սեմի ընկերն ինչ-որ բան շփոթել էր, քանի որ դա եղել էր ոչ թե Պորտուգալիայի մրցաշարի փորձաշրջան էր, այլ տեղական «Դայմոնդ» ֆուտբոլային ակադեմիայի նախընտրական փուլ։
Չուկվուեզեի ընկերները փորձաշրջան անցան, իսկ Սեմին թույլ չտվեցին մասնակցել հանդիպման։ Մարզիչը նրանց ասել էր, որ պետք էր ավելի ավելի վաղ գրանցվել խաղալու համար։
«Ես նրանց սպասում էի փողոցում, որպեսզի միասին գնանք տուն, սակայն ակադեմիայի մենեջերներից մեկն ինձ տեսավ փողոցում և մարզչին խնդրեց, որպեսզի ես նույնպես ցույց տամ իմ խաղային որակները»,- պատմում է Չուկվուեզեն։
Մի քանի րոպե և մարզիչները նկատեցին նիգերիացի ադամանդին։
Չուկվուեզեն շատ արագ դարձավ ակադեմիայի լավագույն ռմբարկուն ու շուտով, ի վերջո, մեկնեց Պորտուգալիա` մասնակցելու վերոնշյալ մրցաշարին, որտեղ, ի դեպ, նույնպես դարձավ լավագույն ռմբարկու։
Մանկապատանեկան ֆուտբոլում Սեմը պարզապես փայլում էր, ինչի վառ օրինակը 2015 թ. Չիլիում կայացած աշխարհի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունն էր։
Նիգերիան այդ ժամանակ դարձավ չեմպիոն, իսկ հավաքականին առաջնորդում էին 16-ամյա Վիկտոր Օսիմենը (10 գոլ), Սամուել Չուկվուեզեն (3 գոլ ե 4 գոլային փոխանցում) ու Կելեչի Նվակալին (3 գոլ և 1 ասիստ)։
Այդ առաջնությունից հետո Չուկվուեզեն հայտնվեց բազմաթիվ գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Սամուելի ծառայություններով այդ պահին հետաքրքրված էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք էին ՊՍԺ-ն, «Պորտուն», Լիսաբոնի «Սպորտինգը», «Արսենալը», սակայն նա ընտրեց «Վիլյառեալը»։
2017 թ. հոկտեմբերին «դեղին սուզանավը» նրա տեղափոխության դիմաց «Դայմոնդ» ֆուտբոլային ակադեմիային վճարեց ընդամենը 500 հազ. եվրո, իսկ այժմ նրա տրանսֆերային արժեքն արդեն գնահատվում է 20 մլն եվրո։
- Մեկ մրցաշրջան «Վիլյառեալի» երիտասարդական թիմում խաղալուց հետո, նա 2018 թ. սեպտեմբերի 20-ին նորամուտը նշեց «դեղին սուզանավի» գլխավոր թիմի կազմում` փոխարինման դուրս գալով Եվրոպա լիգայի 1-ին տուրի շրջանակում «Ռեյնջերսի» դեմ կայացած խաղում (2:2)։
- Չուկվուեզեն իր առաջին արդյունավետ գործողությունը կատարեց արդեն հոկտեմբերի 25-ին Եվրոպա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռապիդ Վիեննայի» դեմ կայացած խաղում (5:0)` դառնալով գոլային փոխանցման հեղինակ, իսկ առաջին գոլը խփեց այդ տարվա նոյեմբերի 1-ին և աչքի ընկավ «Ալմերիայի» դեմ կայացած գավաթային խաղում (3:3)։
- Առաջին իսկ մրցաշրջանում նա «Վիլյառեալի» կազմում անցկացրեց 38 հանդիպում ու դարձավ 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
- 2019 թ. ապրիլի 2-ին «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում (4:4) Չուկվուեզեն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
- 2019 թ. աշնանը Ժոաո Ֆելիշի, Մոյզե Քինի, Ջեյդոն Սանչոյի և Լի Կան Ինի հետ հայտնվեց France Football-ի վարկածով թոփ-5 լավագույն երիտասարդ տաղանդների շարքում։
- 2020 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Չուկվուեզեի ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալ Մադրիդը», «Չելսին» ու «Լիվերպուլը», սակայն «Վիլյառեալը» հրաժարվեց նրան վաճառել ու նրա տրանսֆերի դիմաց պահանջեց 100 մլն եվրո։
- 2020/21 մրցշարջանում Սեմը «Վիլյառեալին» մեծապես օգնեց հասնել Եվրոպա լիգայի եզրափակիչ, որի ճանապարհին 11 խաղում դարձավ 1 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ, սակայն վնասվածքի պատճառով բաց թողեց վճռորոշ հանդիպումը, որի շրջանակում նրա խաղընկերները 11-մետրանոցներով հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» ու ակումբին պարգևեցին երբևէ առաջին տիտղոսը։
- 2022 թ. ապրիլի 12-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում գրավեց «Բավարիայի» դարպասն ու ակումբին պարգևեց մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
- Մինչ օրս Սամուել Չուկվուեզեն «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 148 հանդիպում ու դարձել 23 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Ահա սա Չուկվուեզեի կարիաերայի ճանապարհն է «Վիլյառեալի» շարքերը համալրելուց հետո։ Անկասկած, 22-ամյա ֆուտբոլիստը եվրոպանան ֆուտբոլի տաղանդներից մեկն է, ով արդեն ապացուցել է, որ երազանքին հասնելու համար ոչինչ չի կարող խոչընդոտել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դայմոնդ ֆուտբոլային ակադեմիա, Լա-լիգա, Նիգերիայի հավաքական, Չեմպիոնների-լիգա, Սամուել Չուկվուեզե, Վիլյառեալ, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ