Վիլյառեալի ավագը գրեթե երեք տարի ապաքինվում էր վնասվածքից․ նա կրկին մարզվում է?
«Վիլյառեալի» երկրպագուների համար կրկնակի տոն է։ Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «դեղինները» վերսկսել են մարզումները, որոնք դադարեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Ակումբի հիմնական կազմի հետ սկսել է մարզվել նաև 35-ամյա կիսապաշտպան, թիմի ավագ Բրունո Սորիանոն, ով վնասվածքից ապաքինվում էր մոտ 3 տարի։
Կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2017 թվականի մայիսի 21-ին՝ 90 րոպե անցկացնելով «Վալենսիայի» դեմ արտագնա խաղում։ Սորիանոն վնասված է ստացել 2017 թվականի հուլիսի 3-ին։ Նա բաց է թողել 147 խաղ և կամ 1043 օրը՝ դառնալով եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաերկար ապաքինվող ֆուտբոլիստը։
Ամեն ինչ սկսվել է ծնկատակի ջլի գերաճից։ Բրունո Սորիանոն 3 ամսից պետք է վերադառնար խաղադաշտ, սակայն առողջական խնդիրները և անհանգստությունները հանգիստ չէին տալիս խաղացողին։ Խաղացողն այս երեք տարվա ընթացքում դիմել է բազմաթիվ բժիշկների, անցել է տարբեր վերականգնողական կուրսեր, սակայն, տեսնելով, որ այդ ամենը որևէ արդյունք չի տալիս, ենթարկվել է ծնկատակի ջլի վիրահատության։
Բրունո Սորիանոն ողջ կարիերան նվիրել է «Վիլյառեալին»։ Ակումբի կազմում առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2006 թվականի հոկտեմբերի 1-ին։ Մինչ այժմ կիսապաշտպանը «դեղին սուզանավի» կազմում մասնակցել է 416 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկանշական է, որ Սորիանոն գործող ֆուտբոլիստների շրջանակում համարվում է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենահավատարիմ ֆուտբոլիստներից մեկը։ Նա «Վիլյառեալի» գույները պաշտպանում է արդեն 13 տարի և 9 ամիս։
Պետք է նշենք նաև, որ Բրունո Սորիանոն ողջ կարիերայի ընթացքում երբեք երկար ժամանակով շարքից դուրս չի մնացել։ Սորիանոն հիմնականում ստացել է թեթև վնասվածքներ, ինչի պատճառով բաց է թողել ամենաշատը 18 հանդիպում։ 2015 թվականին նա սրունքի վնասվածքի պատճառով բաց թող 3 ամիս։
2013 թվականից ի վեր, երբ «Վիլյառեալը» վերադարձավ Լա լիգա, ակումբին հանգիստ չեն տալիս ծանր վնասվածքները։ Վերջին հայտնի դեպքը կապված է թիմի ներկայիս ավագ Սանտի Կասորլայի հետ, ով դեռևս «Արսենալում» հանդես գալու տարիներին գարշապարի շրջանում ստացած վնասվածքի պատճառով ենթարկվել է ավելի քան 10 վիրահատության։ Նրա մոտ կակսածվում էր նույնիսկ արյան վարակ, հավանական էր, որ նրա ոտքը կանդամահատեն, սակայն երկու տարի առաջ նա վերադարձավ «Վիլյառեալ» և 35 տարեկան հասակում հրավիրվում է Իսպանիայի հավաքական։ Կասորլան ապաքինվում էր ավելի քան երկու տարի։ Սակայն, Կասորլայի վնասվածքը չպետք է ընգրկել այս շարքում, քանի որ նա իր ողջ վերականգնողական ծրագիրն անցել է որպես «Արսելանի» ֆուտբոլիստ, իսկ այժմ կներկայացնենք 2013 թվականից ի վեր «դեղինների» ստացած ծանր վնսավածքների դեպքերը․
1․ 2014 թվականի սեպտեմբերին պաշտպան Բոյան Յոկիչը ենթարկվեց աջ ծնկի վիրահատության և խաղադաշտ վերադարձավ միայն հաջորդ տարվա մարտին
2․ Հարձակվող Ադրիան Լոպեսը 2015 թվականի սեպտեմբերին ծնկատակի ջլի վնասվածք ստացավ և մինչև 2016 թվականի մարտ ապաքինվում էր
3․ 30-ամյա դարպասապահ Սերխիո Ասենխոն հասցրել է չորս անգամ կտրել ծնկի խաչաձև կապանները՝ ֆուտբոլից դուրս մնալով ավելի քան 500 օր։ 2017 թվականին նա ավելի քան երկու ամիս ապաքինվում էր մեջի հետ կապված խնդիրներից հետո
4․ Մեկ այլ դարպասապահ Անդրես Ֆերնանդեսը ևս կտրել է ծնկի խաչաձև կապանները։ Նա 2017 թ․ օգոստոսից մինչև 2018 թ․ ապրիլ ապաքինվում էր
5․Հենակետային կիսապաշտպան Խավի Ֆուեգոն 2018-ի օգոստոս – 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում ապաքինվում էր տարբեր վնասվածքներից
6․ Հենակետային կիսապաշտպան Սանտիագո Կասերեսը ծնկի ծանր վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ 4 ամիս՝ ապաքինվելով 2018 թվականի սեմտեպմբերից մինչև հաջորդ տարվա հունվար
7․ Ակումբի կիսապաշտպան Մանուել Տրիգերոսը 2019 թվականի հունվարին վնասվածք է ստացել՝ շարքից դուրս մնալով մինչև մրցաշրջանի ավարտը
8․ Ռուս ամենահայտնի ֆուտբոլիստներից Դենիս Չերիշևը վնասվածք է ստանում գրեթե ամեն տարի, իսկ նրա ամենաերկար վնասվածքը գրանցվել է հենց «Վիլյառեալի» կազմում։ 2017 թվականի փետրվարից սեպտեմբեր նա 199 օր ապաքինվում էր
9․ «Դեղինների» ձախ պաշտպան Ալբերտո Մորենոն ողջ ընթացիկ մրցաշրջանը բուժվում է մկանային վնասվածքներից։ Նա արդեն բաց է թողել 150 օր։
# Ադրիան Լոպես, Ալբերտո Մորենո, Անդրես Ֆերնանդես, Արսենալ, Բոյան Յոկիչ, Բրունո Սորիանո, Դենիս Չերիշև, Խավի Ֆուեգո, Մանուել Տրիգերոս, Սանտի-Կասորլա, Սանտիագո Կասերես, Սերխիո Ասենխո, Վիլյառեալ