Վիլյառեալն անչափ վստահ տեսք ուներ․ Էմերիի թիմը շարժվում է առաջ 🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունեց Կիևի «Դինամոյին»։
Հիշեցնենք, որ կողմերի միջև Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր իսպանական ակումբի հաղթանակով 2։0 հաշվով։
Առաջին խաղակեսը տանտերերը մեկնարկեցին շատ ակտիվ և արդեն 13-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 1։0 հաշվով։ Թիմի վինգեր Ժերար Մորենոն մրցակցի տուգանային հրապարակում ցատկեց բոլորից բարձր և գլխի դիպուկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։
Խփած գոլից հետո «դեղին սուզանավի» տղաները շարունակեցին ճնշումը մրցակցի նկատմամբ և մինչև ընդմիջում կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը։ Հանդիպման 36-րդ րոպեին կրկին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Մորենոն՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով։
Ընդհանրապես, խոսելով առաջին խաղակեսի մասին՝ պետք է նշել որ այն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, որոնք գնդակին տիրում էին 56%, մրցակցի դարպասին կատարեցին 7 հարված, որոնցից երեքը դիպուկ էին, իսկ եկուսն՝ արդյունավետ։
Սրան զուգահեռ՝ Կիևից ժամանած ֆուտբոլիստները ոչինչ չկարողացան առաջադրել մրցակցին․ նրանց անվան դիմաց միայն զրոներ էին։ Կողմերն ընդմիջման գնացին Ունայ Էմերիի սաների՝ 2։0 հաշվով առավելությամբ։
Երկրորդ խաղակեսն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում, քանի որ փակված էին դիմակայության հաղթողի հետ կապված բոլոր հարցերը։ Ուկրաինական ակումբի տղաները, օգտվելով «Վիլյառեալի» առաջարկած ցածր տեմպից, մի փոքր առավելություն ձեռք բերեցին՝ փորձելով «թրջել» դիմակայության հաշիվը՝ խփելով նաև հեղինակության գնդակ։
Հատկապես խաղավարտին մոտ Միրչա Լուչեսկուի տղաները վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին տանտերերի դարպասի ուղղությամբ, սակայն նրանց վիճակված չէր գրավել Սերխիո Ասենխոյի պաշտպանած դարպասը։
Այս խաղում պահպանվեց առաջին խաղակեսում գրանցված հաշիվը, որի արդյունքում «Վիլյառեալը» 2։0 հաշվով հաղթեց «Դինամո Կիևին» և, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4։0 հաշվով, ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Կիև, Եվրոպա-լիգա, Ժերար Մորենո, Միրչա Լուչեսկու, Ունայ-Էմերի, Սերխիո Ասենխո, Վիլյառեալ