Գոսենս․ «Եթե այնտեղ հայտնվում են նաև Արսենալն ու Տոտենհեմը, ապա ֆուտբոլը կկորցնի իր հիմքերը»
Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի 19-ին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին, որոնց թվում են նաև Պրեմիեր լիգան ներկայացնող «Արսենալն» ու «Տոտենհեմը»։
«Ատալանտայի» եզրային պաշտպան Ռոբին Գոսենսը այդ ամենի հետ կապված նույնպես կիսվել է իր տպավորություններով․
«Սա հսկայական աղետ է ֆուտբոլի համար։ Ես շոկի մեջ այն ամենից, թե ինչ է ընդհանրապես կատարվում։ Մենք «Ատալանտայի» խաղընկերներով գտնում ենք, որ այնպես, ինչպես վարվում են ֆուտբոլի հետ մեծ խայտառակություն է։ Ֆուտբոլն այժմ ավելի շատ բիզնես է, քան սպորտ։
Ֆուտբոլի հիմնական հիմքերից մեկն այն է, որ փոքր ակումբները կարող են հաղթել մեծերին։ Եթե նույնիսկ «Արսենալն» ու «Տոտենհեմն» են հայտնվում Սուպերլիգայում, որոնք վերջին տարիներին ընդհանրապես որևէ արդյունք չեն գրանցում, ապա ֆուտբոլը վերջնականապես կկորցնի իր հիմքերը։
Բոլորը պետք է հասկանան, որ ֆուտբոլը հավերժ փոխվելու է և այլևս երբեք չի կարող վերադառնալ իր նախկին տեսքին։
Ամբողջ աշխարհում դեռևս մարդիկ են մահանում կորոնավիրուսից, ոմանց էլ չի բավականացնում գումարը, իսկ այս 12 ակումբները ստեղծում են իրենց սեփական լիգան, որի դիմաց ստանալու են 100-150 մլն եվրո։ Սա էթիկական խնդիր է և ցավալի է, որ այս ամենը հասավ փողի, փողի և կրկին փողի․․․
Հուսով եմ՝ երկրպագուները դեմ կգնան այս ամենին։ Ես կմասնակցեմ նմանատիպ բողոքի ցույցերին»,- նշել է գերմանացի լատերալը, ում խոսքերը մեջբերում է Kicker-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Արսենալ, Ռոբին Գոսենս, Սուպերլիգա, Տոտենհեմ