Ռամոսը ծնկի վիրահատության կենթարկվի․ նա կբացակայի երկար ժամանակով
«Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը փետրվարի 6-ին ծնկի վիրահատության կենթարկվի։
Ինչպես տեղեկացնում է ABC-ն, արդեն տևական ժամանակ է իսպանացի ֆուտբոլիստն անհանգստություն է զգում ծնկի շրջանում, այդ պատճառով էլ «Ռեալի» բժշկական անձնակազմը կոնսիլիում է անցկացրել, ինչից հետո էլ որոշում է կայացրել վիրահատել խաղացողի ծունկը։ Սպասվում է, Ռամոսը խաղադաշտ կվերադառնա 6-8 շաբաթ հետո։ Մի շարք աղբյուներ էլ նշում են, որ ապաքինման համար անհրաժեշտ կլինի մինչև 10 շաբաթ։
Այսպիսով, Ռամոսը նվազագույնը բաց կթողնի առաջիկա 8-10 հանդիպումները, այդ թվում նաև՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Ատալանտայի» դեմ կայանալիք երկու դիմակայությունները։ Ռամոսը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կկարողանա վերադառնալ Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում նախատեսված «Էյբարի» դեմ հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 4-ին։
Սերխիո Ռամոսը վերջին անգամ «արքայական» ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկել է Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակչի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ հանդիպմանը (1։2)։ Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստն այդ հանդիպումից առաջ ցավազրկողներ է ընդունել, որպեսզի կարողանա օգնել իր թիմին։ Այդ մասին հայտնել է Marca-ն։
Հիշեցնենք, որ Ռամուսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերը դեռևս ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել դրա երկարացման հարցի շուրջ։
Սերխիո Ռամոսը ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի մարզաշապիկով բոլոր մրցաշարերի շրջանակում խաղադաշտ է դուրս եկել 18 անգամ՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս