Սասուոլոն շարունակում է հրաշքներ գործել🎥
Հոկտեմբերի 23-ին մեկնարկեց իտալական Ա սերիայի 5-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Սասուոլոն» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։
«Սասուոլոյի» ինչպես նախորդ հանդիպումները, այս խաղը ևս բացառություն չէր և բավականին գոլառատ ստացվեց։
Նախ նշենք, որ մինչև հանդիպման 71-րդ րոպեն խաղում գրանցվել էր ընդամենը 1 գոլ, իսկ դրանից հետո իրադարձությունները պարզապես թրիլլերային սցենարով ընթացան։
33-րդ րոպեին Կարոլ Լինետիի խփած գոլի շնորհիվ «Տորինոն» երկար ժամանակ հաղթում էր 0։1 հաշվով, իսկ մինչև վերոնշյալ 71-րդ րոպեն երկու թիմերն էլ ունեին աչքի ընկնելու լավ պահեր, սակայն թուրինյան ակումբն ավելի մոտ էր հաշիվը կրկնապատկելուն, քան տանտերերը՝ հավասարեցնելուն։
Ամեն դեպքում, 71-րդ րոպեին Ֆիլիպ Ջուրիչիչի ջանքերով հաշիվը հվասարվում է, բայց 77 ու 79-րդ րոպեներին խաղի հյուրերը երկու անգամ շոկի ենթարում Անդրեա Կոնսիլյիին։ Նախ աչքի է ընկնում առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Անդրեա Բելոտին, իսկ այնուհետև Սաշա Լուկիչը։
«Սասուոլոն» նետվեց առաջ ու երկրորդ տուրում անընդմեջ փրկեց խաղը՝ խաղի ընթացքում պարտվելիս լինելով երկու գնդակի տարբերություն։ Եթե նախորդ տուրում Ռոբերտո դի Ձերբիի սաներին հաջողվեց նույնիսկ comeback իրագործել և հաղթել, ապա այս անգամ Մոդենան ներկայացնող ակումբին հաջողվեց գոնե թե չպարտվել։
84 և 85-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Վլադ Կիրկեշն ու Ֆրանչեսկո Կապուտոն։ Վերջինս Անդրեա Բելոտիի հետ խփած 5 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։
Վերջում հավաելենք միայն, որ «Սասուոլոյի» մասնակցությամբ կայացած 5 խաղերից միայն մեկում է խփվել ընդամենը 2 գոլ, իսկ մյուս խաղերում նվազագույնը՝ 5 գոլ։ Այս ակումբի մասնակցությամբ խաղերում արդեն եղել է 25 գոլ։
Այսպիսով, «Սասուոլոն» մեկնարկային 5 խաղերում դեռևս անպարտելի է և 11 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Տորինոն» Ա սերիայի նոր մեկնարկած առաջնությունում վաստակեց առաջին միավորը և 19-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Թուրինյան ակումբը դեռևս անցկացրել է 4 հանդիպում։
# Ա-սերիա, Անդրեա Բելոտի, Կարոլ Լինետի, Ռոբերտո դի Ձերբի, Սաշա Լուկիչ, Սասուոլո, Վլադ Կիրիկեշ, Տորինո, Ֆիլիպ Ջուրիչիչ, Ֆրանչեսկո Կապուտո