Սանթուշ . «Բառեր չկան. ֆուտբոլիստները լաց են լինում»
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Բելգիայի ընտրանուն` դուրս մնալով պայքարից։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընոթացքում իր տպավորություններով է կիսվել պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը.
«Մենք հիասթափված ենք ու ընկճված։ Որոշ ֆուտբոլիստներ լաց են լինում հանդերձարանում։ Նրանք բոլոր ուժերը ներդրեցին։
Բելգիան 6 հարված կատարեց, որոնցից ընդամենը մեկն էր դիպուկ, իսկ մենք` 29 հարված, ինչից հետո գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին։ Անկեղծ` խոսքեր չունեմ։
Մենք այնքան էինք ուզում անցնել հաջորդ փուլ և հավատում էինք դրան։ Մենք վստահ էինք, որ կկարողանանք հասնել եզրափակիչ ու հաղթել։ Այս պարագայում չկա արդարության կամ անարդարության խնդիր. մենք գոլ բաց թողեցինք, ինչից հետո չկարողացանք խփել պատասխան գնդակը։
Ես ֆուտբոլիստներին չեմ կարող մեղադրել, քանի որ նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերը։ Տղաները հոգնել էին, սակայն կարողացան իրենց մեջ ուժ գտնել, որպեսզի տսրբերություն ստեղծեն, սակայն սրանք այժմ միայն խոսքեր են»,- նշել է 66-ամյա մասնագետը TVI24-ի եթերում, որը մեջբերում է Record-ը։
Հավելենք, Բելգիայի հավաքականը Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում հուլիսի 2-ին Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցելու է Իտալիանի ընտրանու դեմ։
# Բելգիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, իտալիայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Ֆերնանդու Սանթուշ