Եվրոն նոր չեմպիոն կունենա! «Կարմիր սատանաները» դրամատիկ պայքարում նվաճեցին 1/4 եզրափակչի ուղեգիր🎥

Եվրոն նոր չեմպիոն կունենա! «Կարմիր սատանաները» դրամատիկ պայքարում նվաճեցին 1/4 եզրափակչի ուղեգիր🎥

28/06/2021 - 00:52

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Բելգիայի հավաքականը Սևիլիանի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Պորտուգալիայի ընտրանու դեմ։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն պորտուգալացիների պահերն ավելի վտանգավոր էին։

Հիշատակման է արժանի հատկապես 25-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած տուգանային հարվածը, ինչից հետո Տիբո Կուրտուան փրկեց իր թիմին։

Երբ թվում էր կողմերն ընդմիջման կգնան 0:0 հաշվի պայմաններում, Ռոբերտո Մարտինեսի սաները կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով բացեղին խաղի հաշիվը. 42-րդ րոպեին գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Տորգան Ազարը, իսկ կողմերն ընդմիջման գնացին Բելգիայի հավաքականի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը նշանավորվեց Կևին դե Բրոյնեի փոխարինով։ Բելգիացիների առաջատարը դեռ առաձին կեսում Ժոաո Պալինիայի կատարած սահանկման պատճառով էր վնասվածք ստացել և 48-րդ րոպեին, ի վերջո, փոխարինվեց` դաշտում տեզը զիջելով Դրիս Մերտենսին։

ԿԴԲ-ի փոխարինումով Բելգիայի հավաքականի խաղը մասամբ խամրեց, ինչից փորձեցին օգտվել պորտուգալացիաները, ովքեր 58-րդ րոպեին մոտ էին խփել պատասխան գնդակը, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց Դիոգու Ժոտան։

Այդ դրվագից հետո խաղը հիմնականում հանգստացավ, սակայն տարածքային առավելություն ունեին Ֆերնանտու Սանթուշի սաները, Բելգիան էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա։

Եվրոպայի գործող չեմպիոնների ճնշումը խաղավարտին մոտ մեծանում էր, ովքեր միմյանց հաջորդող շատ լուրջ գոլային պահեր ունեցան. նախ 82-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշի իրացրած անկյունայինից հետո Ռուբեն Դիաշը գլխով հարվածեց, սակայն Տիբո Կուրտուան մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին, ապա 84-րդ րոպեին հարվածային դիրքում էր Ռաֆայել Գերեյրուն, ում հարվածից հետո էլ գնդակը դիպավ դարպասաձողին։

Չնայած այդ առավելությանը` Պորտուգալիայի հավաքականը ոչ մի կերպ չկարողացավ խփել պատասխան գնդակը։

Ամեն դեպքում, «կարմիր սատանաները» հաղթեցին 1:0 հաշվով և նվաճեցին Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում հուլիսի 2-ին Մյունխենում կմրցի Իտալիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023