Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է գրանցել՝ գերազնացելով Յոզեֆ Բիցանի ցուցանիշը
Իտալիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթեց «Նապոլիին»՝ նվաճելով բաղձալի գավաթը։
Թուրինյան ակումբի կազմում 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ բացելով հանդիպման հաշիվը։
Ինչպես տեղեկանցում է Squawka Football-ը, այդ գոլի շնորհիվ պորտուգալացի ֆուտբոլիստը համաշխարհային ռեկորդ է գրանցել՝ գերազանցելով Չեխոսլովակիայի և Ավստրիայի հավաքականների նախկին ֆուտբոլիստ Յոզեֆ Բիցանի ցուցանիշը։
Բանն այն է, որ 35-ամյա ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում պաշտոնական հանդիպումների շրջանակում խփել է 760-րդ գոլը։ Այդ կերպ Ռոնալդուն դարձավ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ պաշտոնական հանդիպումներում երբևէ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։
Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտիգնի» (1997-2003 թթ․, 31 խաղ, 5 գոլ), «Մանեչսթեր Յունայթեդի» (2003-2009թթ․, 292 խաղ, 118 գոլ), «Ռեալ Մադրիդի» (2009-2018թթ․, 438 խաղ, 450 գոլ), ինչպես նաև «Յուվենտուսի» կազմում (2018 թ, հուլիս – մինչ օրս, 109 խաղ, 85 գոլ)։ Կրիշտիանուն ևս 170 հանդիպում անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Այդ հանդիպումների ընթացքում հարձակվողը դարձել է 102 գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ կան նաև մի շարք այլ աղբյուրներ, որոնք տարբեր տվյալներ են ներկայացնում։ Այսպես, օրինակ, Rec.Sport.Soccer Statistics Foundation-ի հաշվարկով Յոզեֆ Բիցանի անվան դիմաց կա 805 գոլ, Ռոմարիոյի անվան դիմաց՝ 772 գոլ, իսկ Պելեի անվան դիմաց՝ 767 գոլ։
# Իտալիայի Սուպեր գավաթ, Կրիշտիանու-Ռոնալդու, Յոզեֆ Բիցան, Յուվենտուս, Նապոլի, Պելե, Ռոմարիո