Ռեալը Սիթիի պաշտպանին դիտարկում է որպես Ռամոսի փոխարինող
«Ռեալը» սկսել է լրջորեն մտածել Սերխիո Ռամոսին փոխարինող գտնելու մասին։
Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը հայտնվել է «արքայական» ակումբի ուշադրության կենտրոնում, ում դիտարկում են որպես Ռամոսի փոխարինող։
Մադրիդյան ակումբը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ ֆրանսիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր տեղը «Սիթիի» մեկնարկային կազմում։ Ռուբեն Դիաշի՝ «քաղաքաբնակների» շարքերը համալրելուց հետո 26-ամյա պաշտպանը շատ քիչ է խաղաժամանակ ստանում, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստի կողքին պաշտպանության կենտրոնում խաղում է Ջոն Սթոունզը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 14 հանդիպում և խփել 1 գոլ:
Բացի դրանից, Լապորտը Լա լիգայում խաղալու հարուստ փորձ ունի, քանի որ 2012-2018 թթ․ հանդես է եկել «Ատլետիկ Բիլբաոյի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 222 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt պորտալը Էմերիկ Լապորտին գնահատում է 60 մլն եվրո։
Ինչպես տեղյակ եք, Սերխիո Ռամոսի և մադրիդյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ, ըստ ստացված տեղեկությունների, կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության հասնել, այդ պատճառով էլ «սերուցքայինների» ղեկավարները կենտրոնական պաշտպանի փնտրտուքների մեջ են։
Իսպանացի պաշտպանը ներկա պահին ապաքինվում է ծնկի վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա միայն ապրիլի սկզբին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին՝ https://t.me/Interfootball_am
# Էմերիկ Լապորտ, Մանչեսթեր-Սիթի, Ռեալ Մադրիդ, Ռուբեն Դիաշ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ