Զիդան vs Տուխել․ Ֆուտբոլային գեներալների դիմակայությունը
Ապրիլի 27-ին Չեմպոինների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Չելսիի» դեմ։
Այս Չեմպիոնների լիգան հաղթեց համավարակին, ջախջախեց Սուպերլիգային ու մեզ կմատուցի 1/2 եզրափակչի հանդիպումներից առաջինը։ Գրասենյակային խոսակցությունները թողնենք․ մենք ֆուտբոլիստների հետ գնում ենք մարզադաշտ՝ այնտեղ լավագույնին որոշելու համար։ Վերցրե՛ք գնդակը, տասնմեկը տասնմեկի դեմ, հնչեցրե՛ք ֆուտբոլային համար մեկ հիթը ու սկսե՛ք։
«Ռեալ» – «Չելսի» խաղը ֆուտբոլային տակտիկական գուրուների համար է․ երկու թիմերի դիմակայություն, որոնք մարմնավորում են իրենց մարզիչների որոշումները։ Զիդանի «Ռեալը» միշտ և Թոմաս Տուխելի ներկայիս «Չելսին» կարողանում են կատարել հատուկ խնդիր կոնկրետ մեկ խաղի համար։
Մարզչական այս մրցակցությունը կարծես հատուկ զինվորական ստորաբաժանումների հակամարտություն լինի՝ իրենց հրամանատարների գլխավորությամբ, երբ կա հատուկ առաջադրանք և չի կարելի շեղվել հրամանից, այն է՝ անցնել եզրափակիչ։ Եկեք տեսնենք ինչ առաջադրանք են տվել իրենց հատուկ ջոկատայիններին Զիդանն ու Տուխելը։
«Ռեալ Մադրիդ»
Զինեդին Զիդանի թիմը, ի տարբերություն մրցաշրջանի մեկնարկի, ներկա պահին ավելի վստահ և կայուն խաղ է ցուցադրում։
«Ռեալը» չի պարտվում արդեն 17 խաղ անընդմեջ հանդիպում և գնդակ բաց չի թողնում վերջին չորս խաղերում, ինչը հոյակապ ցուցանիշ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ բացակայում է թիմի ավագն ու առաջատարը՝ Սերխիո Ռամոսը։ Ընդհանուր առմամբ, հետք անգամ չկա խմբային փուլում հանդես եկած «Ռեալից», որը հարցականի տակ էր դրել խմբից դուրս գալը։ Նրանք անողոք էին «Ատալանտայի» դեմ, խոհեմ ու սառնասիրտ՝ «Լիվերպուլի» դեմ խաղերում։
Զիդանի թիմի վստահությունը անբեկանելի է, ինչն ամենակարևորն է, որն ունի «Ռեալը» ու այն, միանշանակ, մարզչի ներարկած ԴՆԹ-ն է։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մադրիդյան ակումբի տարբեր ֆուտբոլիստներ դուրս են մնացել շարքից վնասվածքների հետևանքով, բայց «սերուցքայինների» մարզիչը միշտ հոյակապ լուծում է գտել և հաղթանակած դուրս եկել այդ իրավիճակներից։
Տակտիկական նրբությունների մասին
Գաղտնիք չէ, որ «Ռեալի» գլխավոր ուժը դաշտի կենտրոնն է՝ Կազեմիրոյի, Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի գլխավորությամբ, բայց եկե՛ք խոսենք նրբություններից։
«Մադրիդը» խաղում է 4-3-3 տակտիկական դասավորությամբ, որը կարող է վերածվել 4-5-1-ի կամ 5-4-1 -ի։ Զիդանը կարևոր խաղերում հաճախ է հարձակման եզրում օգտագործում այնպիսի ֆուտբոլսիտի, ով ունակ է մեծ ծավալի աշխատանք կատարել, ով և՛ կմասնակցի պրեսինգին, և՛ կնահանջի՝ դառնալով հինգերորդ պաշտպանը։
Նման օրինակ է Ֆեդե Վալվերդեն։ Նա հոյակապ կարողանում է նահանջել և մեծ ծավալի աշխատանք կատարել՝ ընդհուպ խանգարելով մրցակցի եզրային պաշտպանին։ Ուրուգվայցի ֆուտբոլիստը այդպիսի առաջադրանքը փայլուն կատարեց կայացած վերջին Էլ Կլասիկոյում Ժորդի Ալբայի դեմ պայքարում, սակայն 22-ամյա այս տղան Լուկաս Վասկեսի հետ բաց է թողնելու «Չելսիի» դեմ առաջին հանդիպումը։
Սա լուրջ խնդիր է ֆրանսիացի մասնագետի համար հենց «ազնվականների» դեմ խաղում։ Այս ամենը ավելի է բարդացնում Լուկա Մոդրիչի խնդիրը, ով այս մրցաշրջանում արդեն 3000 րոպեից ավելի խաղաժամանակ է ստացել, ինչը, հաշվի առնելով նաև խորվաթ ֆուտբոլիստի խաղային դիրքն ու տարիքը, չափազանց շատ է։
«Չելսի»
Ինչպես արդեն նշել ենք, «Ռեալն» ու «Չելսին» միամյանց շատ նման են։ Ինչպես Զիդանի «Ռեալը», այնպես է Տուխելի «Չելսին» մտացածինի մաքուր մարմնացումն է խաղադաշտում։
Լոնդոնցիները Թոմաս Տուխելի գլխավորությամբ ընդամենը երեք ամսվա ընթացքում հաղթանակներ տարան «Տոտտենհեմի», «Լիվերպուլի», «Ատլետիկոյի» (երկու անգամ), «Մանչեսթեր Սիթիի», ինչպես նաև «Պորտուի» նկատմամբ, իսկ մի քանի օր առաջ ԱՊԼ-ի շրջանակում կարևոր հաղթանակ տոնեցին «Վեսթ Հեմի» նկատմամբ։
Այս «Չելսին» վաղուց Ֆրենկ Լեմպարդի թիմը չէ, որը չուներ բազային սխեմա ու կարևոր խաղերի ժամանակ տարակուսած տեսք ուներ խաղադաշտում։
«Ռեալի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Թոմաս Տուխելին հարցրեցին, թե ո՞րն է ամենամեծ ձեռքբերումը իր համար «Չելսին» գլխավորելուց հետո․
– Ես կարծում եմ, որ «Չելսին» ավելի բազմատեսակ է դարձել խաղային առումով, և եթե մեր խաղը չի ստացվում, մենք կարող ենք խանգարել մրցակցին իր խաղը խաղալ,- այսպես պատասխանեց գերմանացի մասնագետը։
Սա, կարծում ենք, շատ դիպուկ պատասխան էր, հատկապես, երբ դու ունես ֆիզիկապես առողջ Նգոլո Կանտե։
Ի՞նչ կարող է պատրաստել Թոմաս Տուխելը «Ռեալի» համար
«Չելսիի» համար արդեն բազային է դարձել 3-4-2-1 տակտիկական դասավորության հիբրիդային տարբերակը։ Այս առումով լոնդոնցիները ունեն առավելություն, քանի որ նրանց պահեստային նստարանը շատ ավելի երկար է, և գերմանացի մասնագետն ընտրության լայն հնարավորություն կունենա։
«Ռեալը» մի փոքր տարբերվում է Չեմպիոնների Լիգայում «Չելսիին» հանդիպած նախորդ երկու մրցակիցներից՝ «Ատլետիկոյից» և «Պորտուից», որոնք կամավոր հրաժարվել էին խաղալ առաջին համարով։
Այս առումով Զիդանի թիմը շատ խայտաբղետ է․այն կարող է խաղալ և՛ առաջին համարով, և՛ զիջել տարածքային առավելությունը։ Այդ մասով հետաքրքիր էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ «Չելսիի» գավաթային մրցավեճը, որը կարծես նախավարժանք լիներ մադրիդցիների հետ խաղից առաջ։ Այդ խաղում Թոմաս Տուխելը եզրային կիսապաշտպանի դիրքում խաղացողներ Բեն Չիլվելի ու Ռիս Ջեյմսի շնորհիվ միշտ մեկ խաղացող ավել էր ունենում դաշտի կենտրոնում, ինչը տալիս էր գերիշխող դիրք կենտրոնում և թույլ էր տալիս Տիմո Վերներ – Մեյսոն Մաունթ – Հակիմ Զիեշ հարձակման եռյակին ավելի ազատ գործել։ Այս հանգամանքը, իհարկե, հարյուր տոկոսանոց արդյունք չի ապահովում, բայց այն կենտրոնում գերիշխելու խնդրի լուծման տարբերակ է։
Ի՞նչ կարող են թիմերը միմյանց առաջարկել ․ Տիագո Սիլվայի առեղծվածը
Հետաքրքիր կլինի, եթե Թոմաս Տուխելի թիմում հիմնական կազմում տեսնենք Տիագո Սիլվային։ Բրազիլիացին շատ լավ պաշտպան է, բայց նրա հետ «թոշակառուները» չեն կարող բարձր խաղալ, ու պրեսինգն էլ այն չի լինի, քանի որ նա չափազանց դանդաղկոտ է դարձել և տարիքն էլ իրենն ասում է։
Այս դեպքում Զիդանի թիմը կարող է ուղղակի պրեսինգ-թակարդներ ստեղծել լոնդոնցիների համար, և դեպքերի նման զարգացման պարագայում «Չելսին» կամ կկորցնի իր կոմպակտությունը, կամ պաշտպանությունը կսկսի բարձր խաղալ, ինչը լավ հնարավորութույուններ կստեղծի արարագաշարժ Վինիսիուսի ու Մարկո Ասենսիոյի համար։
Այս երկխաղյա դիմակայությունում «Ռեալի» հաղթաթուղթն իր փորձն է։ «Արքայական» ակումբը նման հանդիպումների հսկայական փորձ ունի, ինչը միանշանակ, միայն իր օգտին է։
Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա «կապույտների» հաղթաթուղթը երկար պահեստային նստարանն է, որը Թոմաս Տուխելին լայն ընտրության հնարավորություն է տալիս ոչ միայն հիմնական կազմի մասով, այլև խաղի ընթացքում փոփոխություններ կատարելիս։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բեն Չիլվել, Զինեդին-Զիդան, Թոմաս ՏՈւխել, Լուկա-Մոդրիչ, Լուկաս Վասկես, Կազեմիրո, Հակիմ-Զիեշ, Մեյսոն Մաունթ, Նգոլո Կանտե, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռիս Ջեյմս, Տիագո Սիլվա, Տիմո Վերներ, Տոնի-Կրոս, Ֆեդերիկո Վալվերդե