Ռեալի խնդիրները շարունակվում են. Լևանտեն գլուխը բարձր է հեռանում Մադրիդից🎥
Շարունակվում է իսպանական Լա լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Լևանտեին»։
Կարելի է ասել, որ մադրիդյան ակումբը 10 հոգով պայքարեց մրցակցի 11 ֆուտբոլիստների դեմ, քանի որ հանդիպման 9-րդ րոպեին «սերուցքայինների» պաշտպան Էդեր Միլիտաոն վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից։
Հատկանշական է, որ հենց «արքայական» ակումբի սաները առաջինը հասան հաջողության։ Խաղի 13-րդ րոպեին Տոնի Կրոսի «կտրող» փոխանցումից հետո հաջողության հասավ Մարկո Ասենսիոն։
Ունենալով թվային առավելություն՝ «Լևանտեի» ֆուտբոլիստները նետվեցին գրոհի և 20 րոպե անց վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Գոլն իր անվան դիմաց գրանցեց Խոսե Մորալեսը։
Երկրորդ խաղակեսն ընթացավ փոխնիփոխ գրոհներով։ Չի կարելի ասել, որ 10 ֆուտբոլիստներով մնացած «Ռեալը» հաշվի մեջ առավելության հասնելու հնարավորություն չուներ, սակայն գոլ խփեցին նրա մրցակիցները։
64-րդ րոպեին «սերուցքայինների» դարպասին 11-մետրանոց հարված նշանակվեց, սակայն Մարտի Ռոխերի հարվածից հետո փայլուն գործեց դարպասապահ Տիբո Կուրտուան։
Այնուամենայնիվ, Ռոխերին վիճակված էր գել խփել այդ խաղում, որը նա կատարեց հանդիպման 78-րդ րոպեին՝ դարձնելով հաշիվը 1։2։
Ինչպես պարզվեց հետագայում, այդ գնդակը վերջինն էր խաղում։
Այս պարտությունից հետո Զինեդին Զիդանի (մարզիչը բացակայում էր խաղից՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով) սաները մնացին նախապես վաստակած 40 միավորով։
Թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 7 միավոր։ Ի դեպ, Դիեգո Սիմեոնեյի սաները 2 խաղ էլ պակաս են անցկացրել։
«Լևանտեն» իր միավորների քանակը հասցրեց 26-ի և մրցաշարային աղյուսակում կատարելով երեք տեղանոց ցատկ՝ հանգրվանեց 9-րդ հորիզոնականում։
# Լևանտե, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա, Տոնի-Կրոս