Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստներից մեկը ձերբակալվել է բռնաբարության մեղադրանքով։
Աղբյուրի փոխանցմամբ` ֆուտբոլիստի ձերբակալությունը տեղի է ունեցել Հյուսիսային Լոնդոնում` Բարնեթում` կապված մեկ ամիս առաջ կնոջ վրա ենթադրյալ հարձակման հետ։
«Հուլիսի 4-ին ոստիկանությունում բողոք է ստացվել 20-ամյա աղջկա բռնաբարության վերաբերյալ։ Ենթադրյալ բռնաբարությունը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին։ Միջադեպի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ այդ ֆուտբոլիստը տարիքով 30-ին մոտ է և հանդես է գալիս իր երկրի ազգային հավաքականում, սակայն նրա անունն իրավական գործընթացների հետևանքով դեռևս չի հրապարակվում։ Այժմ նա գտնվում է կալանքի տակ և հարցաքննվում է։
Սկոտլենդ Յարդը (խմբ.` Լոնդոնի ոստիկանությունը) հաստատել է, որ ձերբակալվածը, իրոք, ֆուտբոլիստ է, իսկ The Telegraph-ը կապվել է նրա ակումբի հետ, որը նույնպես տեղյակ է ստեղծված իրավիճակից, սակայն հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։
Աղբյուրը հաստատում է, որ ձերբակալվածը մեծ ճանաչում ունի և դեռևս պարզ չէ` արդյո՞ք նա իր ակումբի կազմում կմասնակցի նախամրցաշրջանային հատվածի հանդիպումներին, թե` ոչ։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրրանը մեկնարկելու է օգոստոսի 5-ին։
# ԱՊԼ