Պաշտոնական․ Ջեք Վիլշերը նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» և «Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպան Ջեք Վիլշերի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայամանագիրը նախատեսված է 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «11» համարի մարզաշապիկով։
Կիսապաշտպանը «Արսենալի» սան է, որի կազմում նորամուտը նշել է դեռևս 2008 թվականին։ «Զինագործների» կազմում 29-ամյա ֆուտբոլիստը, ընդհանուր առմամբ, անցկացրել է 198 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։ Վիլշերը 2018 թվականի ամռանը պայմանագիր կնքեց «Վեսթ Հեմի» հետ, որտեղից հեռացել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին և մինչ այժմ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Հատկանշական է, որ Վիլշերը երկրորդ անգամ է տեղափոխվում «Բորնմութ»։ 2016/17 մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես եկավ ակումբի կազմում, որի մարզաշապիկով, ընդհանուր առմամբ, անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Բորնմութը» Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղերից հետո վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ պայքարելով Պրեմիեր լիգա վերադառնալու համար։
# Արսենալ, Բորնմութ, Չեմպիոնշիփ, Ջեք Վիլշեր, Վեսթ Հեմ, տրանսֆերներ