Պաշտոնական. Չելսին նոր սեփականատեր կունենա
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը համաձայնեցրել է վաճառքը գործարարների խմբի հետ.
««Չելսի» ֆուտբոլային ակումբը կարող է հաստատել, որ ակումբը ձեռք բերելու պայմանները համաձայնեցվել են սեփականատերերի նոր խմբի հետ՝ Թոդ Բոուլի, Clearlake Capital-ի, Մարկ Վոլթերի և Հանսյորգ Վիսի գլխավորությամբ:
Ընդհանուր ներդրումներից 2,9 միլիարդ եվրոն կուղղվի ակումբի բաժնետոմսերի ձեռքբերման համար, իսկ այդ հասույթը կփոխանցվի Միացյալ Թագավորության սառեցված բանկային հաշվին՝ բարեգործական նպատակներով նվիրաբերելու մտադրությամբ:
Բացի դրանից, նոր սեփականատերերը 2 մլրդ եվրոյի լրացուցիչ ներդրում կանեն ակումբի համար, ինչը ներառում է «Սթեմֆորդ Բրիջ» և «Քինգսմիդոու» (խմբ.` «Չելսիի» կանանց և Մ-23 թիմերի մարզադաշտը) մարզադաշտերը, ակադեմիան, կանանց թիմը։
Ակնկալվում է, որ վաճառքը կհաստատվի սույն թվականի մայիսի վերջին, եթե ստանան կառավարող մարմինների բոլոր թույլտվությունները»,- նշված է «ազնվականների» պաշտոնական հայտարարության մեջ։
Այսպիսով, վերոնշյալ գործարարների խումբը «Չելսին» գնելու համար վճարելու է ընդհանուր 4.9 մլրդ եվրո։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի սեփականատերը 2003 թվականից Ռոման Աբրամովիչն էր, ում նկատմամբ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից պատժամիջոցներ կիրառեցին, ինչից հետո նա ստիպված էր վաճառքի հանել «Չելսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոդ Բոուլ, Հանսյորգ Վիս, Մարկ Վոլթեր, Չելսի, Ռոման Աբրամովիչ, Ռուս-ուկրաինական պատերազմ