Պաշտոնական. Արսենալի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Ուրարտու
Ինչպես տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Արսենալի» նախկին հարձակվող Յայա Սանոգոյի հետ։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից ուներ ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա վերջին ակումբը եղել է անգլիական «Հադերսֆիլդը», որի կազմում հանդես է եկել 2021 թ. փետրվարից մինչև հուլիս` անցկացնելով 9 հանդիպում։
Սանոգոն «Արսենալի» կազմում հանդես է եկել 2013-17 թթ.` անցկացրած 20 խաղում դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
30-ամյա ֆուտբոլիստը, բացի վերոնշյալ ակումբներից, պաշտպանել է նաև «Օսերի» (Ֆրանսիա, 2010-13 թթ., 24 հանդիպում, 11 գոլ), «Քրիսթալ Փելասի» (վարձակալություն, 2015 թ. հունվար – մայիս, 11 հանդիպում, 1 գոլ, 1 ասիստ), «Այաքսի» (վարձակալություն, 2015 թ. հուլիս – 2016 թ. հունվար, 6 հանդիպում, 1 ասիստ), «Չարլթոնի» (Անգլիա, վարձակալություն, 2016 թ. հունվար – մայիս, 8 հանդիպում, 3 գոլ) և «Թուլուզի» (Ֆրանսիա, 2017-2020 թթ., 72 հանդիպում, 16 գոլ և 4 ասիստ) գույները։
Հավելենք, որ Յայա Սանոգոն նաև Ֆրանսիայի Մ-21 հավաքականի նախկին անդամ է, որի կազմում անցկացրել է 8 հանդիպում` դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Այաքս, Արսենալ, Յայա Սանոգո, Ուրարտու, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես, Օսեր, Ֆրանսիայի Մ-21 տարեկանների հավաքական