Չելսին անհավանական գումար է վճարելու Կայսեդոյի տրանսֆերի դիմաց
«Չելսին» շատ մոտ է «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելուն։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ «ազնվականները» 21-ամյա ֆուտբոլիստի հետ «8+1» ձևաչափով անձնական պայմանագիր են համաձայնեցրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը և կունենա այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Աղբյուրի փոխանցմամբ` էկվադորցի կիսապաշտպանը «Չելսիի» հետ անձնական պայմանագիր դեռևս սույն թվականի մայիսին է համաձայնեցրել։ Այժմ ակումբներն աշխատում են գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «թոշակառուները» գործարքի դիմաց «ճայերին» վճարելու են 115 մլն ֆունտ (մոտ 133 մլն եվրո)։
Այս գործարքը դառնալու է անգլիական Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Դեկլան Ռայսի ռեկորդը, ում դիմաց վերջերս «Արսենալը», հավելավճարները ներառյալ, «Վեսթ Հեմին» վճարել է 126 մլն եվրո։
Ավելի վաղ Կայսեդոյին ձեռք բերելուն շատ մոտ էր «Լիվերպուլը», որը գործարքի դիմաց «Բրայթոնին» առաջարկել էր 110 մլն ֆունտ (127 մլն եվրո), սակայն էկվադորցի ֆուտբոլիստը մերժեց մերսիսայդյան ակումբին` հայտնելով, որ ցանկանում է տեղափոխվել միայն «Չելսի»։
Հավելենք, որ Մոյզես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում հանդես է գալիս 2021 թ. հունվարից` անցկացրած 53 խաղում դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Լիվերպուլ, Մոյզես Կայսեդո, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո