Ներկայացում «Ստեմֆորդ Բրիջում». Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Չելսիին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 25-րդ տուրից հետաձգված «Չելսի» – «Արսենալ» հանդիպումը։
Հանդիպման առաջին խաղակեսում կողմերը պարզապես տպավորում էին ցուցադրած «բաց» խաղով։
Առաջին 45 րոպեների ընթացքում «զինագործները» երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն Թոմաս Տուխելի թիմը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։
Կողմերն ընդմիջման գնացին 2:2 հաշվի պայմաններում։
«Արսենալի» կազմից աչքի ընկան Էդի Նկետիան ու Էմիլ Սմիթ-Ռոուն, իսկ «Չելսիի» գոլերը խփեցին Տիմո Վերներն ու Սեզար Ասպիլիկուետան։
Երկրորդ կեսն էլ մեկնարկեց այնպես, ինչպես առաջինը` Միկել Արտետայի սաների խփած գոլով. 57-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Նկետիան ու դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի լուսատախտակին վառեց 2:3 հաշիվը։
Երկրորդ կեսի մնաված ժամանակահատվաժում «ազնվականներն» ունեին տարածքային հսկայական առավելություն ու գնդակին տիրում էին ժամանակի 80%-ը, սակայն տանտերերի գրոհներում չկար սրություն։
«Արսենալի» ֆուտբոլիստներն էլ շեշտը դրել էին հակագրոհների վրա և ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն որոշ դրվագներում «զինագործների» մոտ չհերիքեց դիպուկությունը։
Ամեն դեպքում, «Արսենալի» ֆուտբոլիստները խփեցին իրենց գոլը. 90+2-րդ րոպեին Բուկայո Սական դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Ի վերջո, «Արսնենալը» հաղթեց 4:2 հաշվով։
Այս հաղթանակից հետո Արտետայի թիմը վաստակեց 57 միավոր ու զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Տոտենհեմը» նույնպես ունի 57 միավոր, սակայն, «խցանները» խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ, գերազանցում են Հյուսիսային Լոնդոնում իրենց հարևաններին։
«Չելսին», 62 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Էդի Նկետիա, Էմիլ Սմիթ-Ռոու, Թոմաս ՏՈւխել, Միկել Արտետա, Չելսի, Սեսար Ասպիլիկուետա, Տիմո Վերներ