Մորատան փայլում է, Յուվեն՝ ամրապնդվում երրորդ հորիզոնականում🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Լացիոյի» դեմ։
Խաղը մեկնարկեց հռոմեական ակումբի առավելությամբ և վերահսկողությամբ, որի ֆուտբոլիստներն արդեն 9-րդ րոպեին կարող էին բացել հանդիպման հաշիվը։ «Արծիվները» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, սակայն Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հարվածը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։
14-րդ րոպեին հյուրերը, ի վերջո, բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլն իր անվան դիմաց գրացնեց Խոակին Կոռեան։
Խփած գնդակից հետո էլ Սիմոնե Ինձզագիի սաներն ունեին առավելություն և շատ ավելի լավ տեսք, քան «բյանկոներիները», որոնց մոտ տևական ժամանակ ոչինչ չէր ստացվում։
«Ծեր սինյորան» իր առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեց միայն 38-րդ րոպեին, երբ տուգանայինի խաղարկումից հետո Դանիլոն գլխի հարվածով սպառնաց մրցակցին, սակայն հարվածը շեղ ստացվեց։
Արդեն իսկ հաջորդ գրոհին թուրինյան ակումբը լուսատախտակին վառեց 1։1 հաշիվը․ Ալվարո Մորատան հարվածային դիրք դուրս բերեց Ադրիեն Ռաբիոյին, ով, չնայած գտնվելով սուր անկյան տակ, հուժկու հարվածով գրավեց Պեպե Ռեյնայի պաշտպանած դարպասը։
Հատկանշական է, որ ողջ առաջին խաղակեսի ընթացքում «Յուվեի» ֆուտբոլիստներն այդ մեկ դիպուկ հարվածը կատարեցին, որն էլ ավարտվեց խփած գոլով։
Նախքան ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, հռոմեական ակումբը կարող էր վերականգնել իր առավելությունը, սակայն Մոհամեդ Ֆարեսի կատարած հարվածը շեղ ստացվեց։
Կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսն էլ մեկնարկեց փոխնիփոխ գրոհներով, և ինչ-որ պահ «բաց» ֆուտբոլ էր ընթանում։
Նախ Ֆեդերիկո Բերնարդեսկին 48-րդ րոպեին կարող էր առաջ մղել թուրինյան ակումբին, սակայն Ռեյնան հիանալի սեյվով փրկեց «արծիվներին», ապա 50-րդ րոպեին Միլինկովիչ-Սավիչի հարվածից հետո Վոյցեխ Շյեսնիին փրկեց դարպասաձողը։
Նման արկածախնդիր ֆուտբոլի պայմաններում ակնհայտ էր դառնում, որ կողմերից մեկը սխալվելու է․ միայն հարց էր, թե որ ակումբն առաջինը կսխալվի, իսկ առաջինը սխալվեցին «Լացիոյի» ֆուտբոլիստները, ովքեր սկսեցին պաշտպանությունում բացթողումներ թույլ տալ, ինչն էլ ճակատագրական դարձավ։
Հանդիպման հերոս դարձավ Ալվարո Մորատան, ով համապատասխանաբար 57 ու 60-րդ րոպեներին երկու անգամ գրավեց «Լացիոյի» դարպասը և երկու գնդակի առավելություն տվեց «Յուվենտուսին»։
Բաց թողած երկու գնդակիներից հետո՝ հռոմեական ակումբն ուներ առավելություն՝ փորձելով բեկել խաղն ու փրկել միավոր։ 76-րդ րոպեին աչքի ընկնելու լավ հնարավորություն ուներ «Լացիոյի» գոլահար Չիրո Իմոբիլեն, սակայն նրա հարվածից հետո «Յուվեին» փրկեց Վոյցեխ Շյեսնին։
Խաղավարտին մոտ Սիմոնե Ինձզագին կատարեց մի շարք փոփոխություններ, փորձեց վերադասավորել իր թիմի խաղը, սակայն այսօր «Լացիոյի» օրը չէր, իսկ խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3։1։
Այսպիսով, Անդրեա Պիռլոյի թիմն անչափ կարևոր հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ, վաստակեց 52 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։
«Լացիոն» մնաց 43 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ադամ Մարուշիչ, Ադրիեն Ռաբիո, Ալվարո Մորատա, Անդրեա Պիռլո, Արոն Ռեմզի, Լացիո, Խոակին Կոռեա, Յուվենտուս, Սերգեյ Միլենկովիչ-Սավիչ, Սիմոնե Ինձզագի, Վոյցեխ Շյեսնի