Յուվենտուսը կարևոր միավոր փրկեց Ինտերի դեմ բարդ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Երկու ակումբներն էլ հանդիպումը մեկնարկեցին շատ ակտիվ` փոխնիփոխ գրոհների ներքո։
Նման գրոհներից մեկի արդյունքում էլ «Ինտերի» ֆուտբոլիստներն արդեն 17-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը. Հական Չալյանօղլուի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո այն դատարկ դարպասն ուղարկեց Էդին Ջեկոն։
Բաց թողած գոլից անմիջապես հետո` 23-րդ րոպեին, թուրինյան ակումբի ֆուտբոլիստները մոտ էին պատասխան գնդակը խփելուն, սակայն Խուան Կուադրադոյի հարվածը նպաստավոր դիրքից շեղ ստացվեց։
Այդ դրվագից հետո դաշտում հիմնակամում դիրքային պայքար էր ընթանում, և կողմերն ընդմիջման գնացին «ներաձուրիների» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում էլ տևական ժամանակ հավասար պայքար էր ընթանում և վտանգավոր պահեր չկային։
Խաղավարտին մոտ Մասիմիլանո Ալեգրին մի շարք փոփոխություններ կատարեց, որոնք ակտիվացրին «Յուվենտուսի» խաղը, ինչն էլ, ի վերջո, տվեց իր արդյունքը։
88-րդ րոպեին «Ինտերի» լատերալ Դենզել Դումֆրիսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Դանիլոյի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մաուրիցիո Մարիանին գնաց դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց հարված նշանակեց տանտերերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Պաուլո Դիբալան։
Այսպիսով, կողմերը չպարզեցին հաղթողին. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 18 միավոր և զբաղեցնում է 3-րդ բորիզոնականը։
«Յուվենտուսը» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դենզել Դումֆրիս, Էդին-Ջեկո, Ինտեր, Հական Չալհանօղլու, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա