Լյովը սկսել է իսպաներեն սովորել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը Եվրո-2020-ի ավարտից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը։ 61-ամյա մասնագետը ինքն է խնդրել Գերմանիայի ֆուտբոլային միությանը, որպեսզի գործող պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։
Ըստ գործող պայմանագրի՝ նա հավաքականի ղեկին պետք է մնար մինչև 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ավարտը։
Դեռևս հայտնի չէ, թե Լյովը որտեղ է շարունակելու իր կարիերան, սակայն, ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, գերմանացի մասնագետը սկսել է իսպաներեն սովորել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լյովը բազմիցս նշել է, որ ցանկանում է մեկ օր մարզել «Ռեալ Մադրիդը»։
Հիշեցնենք, որ Յոաքիմ Լյովը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել 2006 թվականի հուլիսին։ Գերմանացիները Լյովի գլխավորությամբ մինչ այս պահն անցկացրել են 188 հանդիպում, տոնել են 120 հաղթանակ, 37 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ ևս 31 հանդիպման շրջանակում պարտվել են՝ գոլերի 451։192 հարաբերակցությամբ։
«Բունդեսմանշաֆթը» Լյովի գլխավորությամբ 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2017-ին՝ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։ Գերմանիայի հավաքականը 2008 թվականին դարձել է նաև Եվրոպայի փոխչեմպիոն, 2012 ու 2016թթ․՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, իսկ 2010-ին՝ աշխարհի բրոնզե մեդալակիր։
Հավելենք, որ 2014 թվականին Լյովը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ։
Նշենք, որ բացի Գերմանիայի հավաքականից Յոաքիմ Լյովը մարզել է նաև «Շտուտգարտը» (1996-1998 թթ․), «Ֆեներբախչեն» (1998-1999 թթ․), «Կարլսրուեն» (1999 թ․ հոկտեմբերի 25 – 2000թ․ ապրիլի 19), «Ադանասպորը» (2000թ․ դեկտեմբերի 20 – 2001թ․ մարտի 1), ինչպես նաև ավստրիական «Տիրոլը» (2001թ․ հոկտեմբերի 10 – 2002թ․ հունիսի 30) և «Աուստրիան» (2003թ․ հուլիսի 1 – 2004թ․ մարտի 24)։ Լյովը 2004 – 2006 թթ․ Գերմանիայի հավաքականում եղել է Յուրգեն Կլինսմանի օգնականը, ինչից հետո նշանակվել է հավաքականի գլխավոր մարզիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Գերմանիայի հավաքական, Գերմանիայի ֆուտբոլային միություն, ԵՎՐՈ-2020, Յոհաքիմ Լյով, Քրիստիան Ֆալկ