Մունդիալ-1986․ «Աստծո ձեռքն» ու «Դարի գոլը»🎥
2020 թվականի նոյեմբերի 25-ին համաշխարհային մամուլում լուրեր տարածվեցին, որ 60 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան։ Շատերս ակամայից չհավատացինք այդ նորությանը, քանի որ շատերի համար Մարադոնան պարզապես մարդ չէ, այլ Աստված․․․ այո՛, այո՛, Աստված և անհավանալի է այն փաստը, որ նա այլևս մեզ հետ չէ։ Ողջ ֆուտբոլային և ոչ միայն ֆուտբոլային աշխարհն այժմ սգում է նրա մահը։
Ժամանակն է, որպեսզի հիշենք Դիեգո Մարադոնայի փառահեղ կարիերայի ամենահիշարժան հանդիպումներից մեկը, որը կայացել է 1986 թվականի հունիսի 22-ին աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի շրջանակում։ Այդ օրը Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Անգլիայի հավաքականին և պայքարը շարունակեց մրցաշարի կիսաեզրափակիչում, սակայն ամեն ինչ հերթով։
Ավագ սերնդի ցանկացած ներկայացուցչի եթե հարցնեք, թե ձեր դիտած մունդիալներից որն է եղել ամենահզորը, շատերը կամ պատասխանում են 1982 թվականին տեղի ունեցածը կամ էլ 1986-ինը։ Այդ տարիներին ֆոտբոլի աշխարհի առաջնությունները պարզապես վերածվում էին իսկական շոուների, քանի որ կոնրետ 1986 թվականին Մեքսիակայում կայացած մունդիալին մասնակցում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Պաոլո Ռոսին (Իտալիա), Ուգո Սանչեսը (Մեքսիկա), Միշել Պլատինին, Ժան-Պիեր Պապենը (երկուսն էլ՝ Ֆրանսիա), Ֆալկաոն, Զիկոն, Սոկրատեսը, Կարեկան (բոլորը՝ Բրազիլիա), Անդոնի Սուբիսարետան, Խոսե Անտոնիո Կամաչոն, Կիկե Սետինը (այո՛, դուք չսխալվեցիք Սետիենը հայտավորված է եղել Իսպանիայի հավաքականի կազմում, սակայն որևէ հանդիպում չի անցկացրել այդ մունդիալին), Էմիլիո Բուտրագենիոն (բոլորը՝ Իսպանիայի հավաքական), Հարալդ Շումախերը, Անդրեաս Բրեմեն, Լոթար Մաթեուսը, Կառլ-Հայնց Ռումինիգեն , Ռուդի Ֆաուլերը (բոլորը՝ Գերմանիա), Գարի Լինեկերը (Անգլիա) և վերջո, Դիեգո Արմանդո Մարադոնան։ Ահա, ինչպես տեսնում եք, այն ժամանակների աստղաբույլը հավաքվել էր Մեքսիկայում։
Արգենտինայի հավաքականին դժվար էր համարել այդ մրցաշարի ֆավորիտը, քանի որ բացի Մարադոնայից հավաքականի կազմում դժվար էր այլ աստղեր ևս գտնել, սակայն Խորխե Վալդանոն և Խորխե Բուրուչագան մեզ հակառակն ապացուցեցին։
Մրցաշարից առաջ չեմպիոնության հիմնական հավակնորդները աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանսիայի, ինչպես նաև Բրազիլիայի, Գերմանիայի և Իսպանիայի հավաքականներն էին, որոնք, ինչպես միշտ, ֆանտաստիկ կազմ էին հավաքել, սակայն իրադարձությունները լրիվ այլ կերպ զարգացան։
Արգենտինայի հավաքականն ընդգրկվել էր մրցաշարի A խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Իտալիայի, Բուլղարիայի և Հարավային Կորեայի հավաքականները։ Կառլոս Բիլարդոյի սաները մեկնարկային խաղում 3։1 հաշվով վստահ հաղթանակ տարան կորեացիների նկատմամբ, իսկ երկրորդ տուրում միավորը կիսեցին իտալացիների հետ․ գրանցվեց 1։1 հաշիվը։ Վերջին տուրում էլ «ալբիսելեստեն» Վալդանոյի և Բուրուչագայի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և վաստակած 5 միավորով խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը (խմբ․՝ այն ժամանակ հաղթանակի համար դեռևս տրվում էր 2 միավոր)։
Մյուս խմբերում նույնպես անակնկալներ գրեթե չեղան և 1/8 եզրափակիչ դուրս եկան նաև մյուս ֆավորիտները։ 1/8 եզրափակչից էլ սկսվեց իսկական «կինոն»։
Մրցաշարի այդ փուլում պայքարից դուրս մնացին ԽՍՀՄ-ի և Իտալիայի հավաքականները, իսկ Արգետնինան 1։0 հաշվով դժվար հաղթանակ տարավ Ուրուգվայի ընտրանու նկատմամբ։ Պայքարը շարունակեցին նաև բրազիլացիները, իսպանացիները, անգլիացիները, գերմանացիները, ինչպես նաև Մեքսիկայի ու Բելգիայի հավաքականները, որը խոշոր անակնկալ մատուցեց Խորհրդային Միության հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղում բելգիացիները լրացուցիչ ժամանակում գերդրամատիկ պայքարում 4։3 հաշվով պայքարից դուրս թողեցին ԽՍՀՄ հավաքականին։
Քառորդ եզրափակիչները էլ ավելի դրամատիկ էին։ Կայացած 4 խաղերից 3-ում հաղթողին կողմերը որոշեցին 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ։ Միակ խաղը, որտեղ բանը չհասավ ֆուտբոլային վիճակախաղին Արգենտինա – Անգլիան էր, որին էլ այսօր ավելի մանրամասն ենք անդրադառնալու։
11 մետրանոցներով Ֆրանսիացիները հաղթեցին բրազիլացիներին, գերմանացիները՝ տանտերեր՝ մեքսիկներին, Բելգիայի հավաքականը շարունակեց հրաշքները՝ պայքարից դուրս թողնելով նաև Իսպանիայի հավաքականին։
Հասանք Արգենտինա – Անգլիա դիմակայությանը։ Այս երկրների պատմական թշնամանքը բավականին խորը արմատներ ունի, որը կապված Ֆոլկլենդյան Կղզիներ կոչվող 12000 հազար քառակուսի կմ տարածք ունեցող տարածքի հետ։ Երկնրեը չէին կարողանում կիսել այդ տարածքը և 1982 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիան հարձակվեց կղզու վրա, որն այդ ժամանակ գտնվում էր Արգենտինայի վերահսկողության տակ և 74 օրում գրավեց այն։
Դե պատկերացրեք՝ պատերազմից ընդամենը 4 տարի անց այդ երկրների հավաքականները հանդիպում են աշխարհի առաջնության ամենավճռորոշ փուլերից մեկում։
1986 թվականի հունիսի 22․․․ Մեխիկո, «Ացտեկա» մարզադաշտ․․․ 114580 հանդիսական․․․
Հավաքականները խաղադաշ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով․
Արգենտինա
Դարպասապահ – 18․ Ների Պումպիդո
Պաշտպաններ – 5․ Խոսե Բրաուն, 9․ Խոսե Կուչուֆո, 19․ Օսկար Ռուջերի
Կիսապաշտպաններ – 2․ Սերխիո Բատիստա, 7 ․ Խորխե Բուրուչագա, 10․ Դիեգո Արմանդո Մարադոնա (ա), 12․ Էկտոր Էնրիկե, 14․ Ռիկարդո Ջուստի, 16․ Խուլիո Օլարտիկոեչա
Հարձակվող – 11․ Խորխե Վալդանո
Գլխավոր մարզիչ – Կառլոս Բիլարդո
Անգլիա
Դարպասապահ – 1․ Պիտեր Շիլթոն (ա)
Պաշտպաններ – 2․ Գարի Սթիվենս, 3․ Կենի Սենսոն, 14․ Թերի Ֆենվիկ, 6․ Թերի Բութչեր
Կիսապաշտպաններ – 4․ Գլեն Հոդլ, 16․ Պիտեր Ռիդ, 17․ Տրևոր Սթիվեն, 18․ Սթիվ Հոջ
Հարձակվողներ – 10․ Գարի Լինեկեր, 20․ Պիտեր Բիրդսլի
Գլխավոր մարզիչ – Բոբի Ռոբսոն
Հանդիպումը մեկնարկեց արգենտինացի բուռն գրոհներով, սակայն Անգլիայի 37-ամյա դարպասապահ Պիտեր Շիլտոնը մի քանի անգամ փրկեց իր հավաքականին վերահաս գոլից, իսկ ժամանակի ընթացքում Բոբի Ռոբսոնի սաները հավասարեցրին խաղը։
Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց Արգենտինայի հավաքականի խփած երկու գոլով։ Երկու հանրահայտ գոլ, որոնցից մեկը հայտնի է որպես «Աստծո ձեռք», իսկ մյուսը՝ «Դարի գոլ» անվանումով։ Բնականաբար, երկու գոլերն էլ հեղինակել է Դիեգո Արմանդո Մարադոնան։
Նախ 51-րդ րոպեին րոպեին Մարադոնան գեղեցիկ անցում ձեռնարկեց դաշի կենտրոնով, մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին, փորձեց «պատ» խաղարկել Խորխե Վալդանոյի հետ, սակայն Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվ Հոջից գնդակն անդրադաձրավ և շարժվեց դեպի 11 մետրանոց հարվածի նշակետի ուղղությամբ։ Այդ ուղղությամբ շարժվեցին նաև Մարադոնան և Շիլթոնը․․․ Մարադոնոն այդ դրվագուն գնդակը ձեռքով ուղարկեց մրցակցի դարպասը։Կարճաասակ Դիեգոն (165 սմ) 185 սմ հասակ ունեցող Շիլթոնին հաղթելու այընտրանք պարզապես չուներ։ Խաղադաշտում գտնվող բոլոր անգլիացիները վազեցին դեպի հանդիպման գլխավոր մրցավար Ալի Բին Նասերիի ուղղությամբ՝ պահանջելով չեղարկել գնդակը, սակայն թունիսցի մրցավարն անդրդվելի էր՝ 1։0։ Նույնիսկ հանդիպման մեկնաբանն էր հասկացել, որ գնդակը խփվել է ձեռքով, սակայն հենց դա էր այդ ամենի գեղեցկությունը․․․․
Ընդամենը 4 րոպե անց՝ 55-րդ րոպեին էլ խփվեց «դարի գոլը»։ Դիեգոն հարձակման աջ եզրով անհավանական անցում ձեռնարկեց, ճանապարհին շրջանցելով մրցակցի 5-6 ֆուտբոլիստների, այդ թվում նաև՝ դարպասապահ Շիլթոնին, հաշիվը դարձնելով 2։0։
Բաց թողած գոլից հետո Անգլիայի հավաքականին հաջողվեց միայն 81-րդ րոպեին Գարի Լինեկերի ջանքերով կրճատել հաշվի դարբերությունը։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Անգլիայի հավաքականին և պայքարը շարունակեց մրցաշարի կիսաեզրափակիչում։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականին սպասում էր Բելգիայի հավաքականը, որը պարզապես շոկի էր ենթարկում բոլորին։
Շոկի ենթարկեց բոլորին, սակայն ոչ Մարադոնային, ով այդ խաղում նույնպես դուբլի հեղինակ դարձավ՝ օգնելով իր հավաքականին 8 տարի անց կրկին դուրս գալ աշխարհի առաջնությունների եզրափակիչ։
Ընդհանուր առմամբ Դիեգո Մարադոնան այդ մունդիալի շրջանակում 7 խաղում դարձավ 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Մյուս կիսաեզրափակիչ խաղում էլ Գերմանիայի հավաքականը Անդրեա Բրեմեի ու Ռուդի Ֆյոլերի գոլերի շնորհիվ նույն հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն։
Եզրափակիչ հանդիպումը կայացավ 1986 թվականի հունիսի 29-ին նույն «Ացտեկա» մարզադաշտում։ Այդ հանդիպումը սպասվածից էլ ավելի դրամատիկ ստացվեց։
56-րդ րոպեի դրությամբ «ալբիսելեստեն» Խոսե Բրաունի և Խորխե Վալդանոյի գոլերի շնորհվի հաղթում էր 2։0 հաշվով, սակայն գերմանացիները աչքի ընկան իրենց սառնասրտությամբ և Կառլ-Հայնց Ռումինգեի ու Ռուդի Ֆաուլերի խփած գոլերի շնորհիվ հավասրեցրին հաշիվը։
Թվում էր՝ խաղը պետք է տեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն 85-րդ րոպեին Մարադոնան ֆանտաստիկ «կտրող» փոխանցումով Հարալդ Շումախերի դեմ մեն-մենակ դուրս բերեց Խորխե Բուրուչագային, ով էլ հաշիվը դարձրեց 3։2, իսկ գերմանացիներն այլևս ուժ չունեին, որպեսզի ևս մեկ անգամ հավասարեցնեին հաշիվը։
Արգենտինան ծանրագույն պայքարում հաղթեց 3։2 հաշվով և երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը մինչ այժմ վերջինն է «ալբիսելեստեի» համար։ Հետագայում արգենտինացիներն ու գերմանացիները ևս երկու անգամ (1990 և 2014 թվականներին) կհանդիպեն մունդիալի եզրափակիչում և «բունդեսմանշաֆթը» նույն 1։0 հաշվով երկու անգամ կհաղթի հավերժ մրցակցին։
Մունդիալ1986-ից շատ տարիներ անց՝ 2015 թվականի օգոստոսի 17-ին, Դիեգո Մարադոնան Թունիսում հանդիպեց Արգենտինա 2։1 Անգլիա հանդիպման գլխավոր մրցավար Ալի Բին Նասերիի հետ։ Մարադոնան այդ հանդիպմանը Նասերիին նվիրեց իր ստորագրությամբ մարզաշապիկ, իսկ մրցավարին անվանեց «հավերժ ընկեր»։ Բոլորը գոհ էին ու երջանիկ այդ հանդիպումից․․․ Նասերին մինչ օրս ողջ է, իսկ Մարադոնային Աստված կանչեց տուն․․․
Հանգչի՛ր խաղաղությամբ, լեգենդ․․․
Միքայել Մելիքբեկյան
# Անգլիայի հավաքական, Անդոնի Սուբիսարետա, Անդրեաս Բրեմե, Արգենտինայի հավաքական, Գարի Լինեկեր, Գերմանիայի հավաքական, Դիեգո Արմանդո Մարադոնա, Զիկո, Էմիլիո Բուտրագենիա, Ժան-Պիեր Պապեն, Լոթար Մաթեուս, Խոսե Անտանիո Կամաչո, Խորխե Բուրուչագա, Խորխե Վալդանո, Կառլ-Հայնց Ռումենիգե, Կառլոս Բիլարդո, Կարեկա, Կիկե Սետիեն, Հարալդ Շումախեր, Միշել Պլատինի, Մունդիալ-1986, Ուգո Սանչես, Պաոլո Ռոսի, Սոկրատես