Միլանն ամրապնդվում է առաջին հորիզոնականում🎥
Իտալիական Ա սերիայի 10-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Միլանը» հյուրընկալվել էր «Սամպդորիային»։
Ստեֆանո Պիոլիի սաները կարողացան բարդ պայքարում կարևոր հաղթանակ տոնել 1։2 հաշվով։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, խաղի հաշիվը բացեց Ֆրանկ Կեսիեն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 77-րդ րոպեին Սամուել Կաստիլիեխոն լուսախտակին վառեց արդեն 0։2 հաշիվը՝ եզրափակելով Անտե Ռեբիչի փոխանցումը։
82-րդ րոպեին ջենովական ակումբը Ալբին Էկդալի ջանքերով մեկ գնդակ հետ բերեց, սակայն ավելին անել չհաջողվեց։
Այսպիսով, «Միլանը» այս հաղթանակից հետո վաստակեց 26 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ինտերին» գերազանցելով 5 միավոր։ «Սամպդորիան» 11 միավորով 15-րդն է։
Վերջում միայն հավելենք, որ «ռոսոներիները» Ա սերիայի շրջանակում վերջին անգամ պարտվել են սույն թվականի մարտի 8-ին և անպարտելի հանդիպումների շարքն արդեն հասցրին 22-ի։
# Ա-սերիա, Ալբին Էկդալ, Ինտեր, Միլան, Սամուել Կաստիլիեխո, Սամպդորիա, Ֆրանկ Կեսիե