Միավորված Գերմանիան խոշոր մրցաշարերում երբեք չի հաղթել Իսպանիային
Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին և լքեց պայքարը։
1990 թ. հետո, երբ Արևելյան ու Արևմտյան Գերմանիաները վերամիավորվեցին, «բունդեսմանշաֆթը» խոշոր մրցաշարերում` աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, երբեք չի հաղթել Իսպանիայի հավաքականին։
Այդ ընթացքում Իսպանիան ու Գերմանիան խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում միմյանց հանդիպել են արդեն 5 անգամ։ «Ֆուրիա ռոխան» տարել է երեք հաղթանակ, երկու անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։
Գերմանիայի հավաքականն Իսպանիայից կրած ամենահիշարժան պարտությունը եղել է Եվրո-2008-ի եզրափակիչում, երբ մրցակցին զիրեց 0:1 հաշվով։
«Բունդեսթիմը» խոշոր մրցաշարում վերջին անգամ իսպանացիներին հաղթել է Եվրո-1988-ին, երբ խմբային փուլում առավելության է հասել 2:0 հաշվով։
Գերմանիայի հավաքականը, առհասարակ, պաշտոնական խաղերում 21-րդ դարում դեռ չի հաղթել Իսպանիային։ Կայացած 6 խաղում Իսպանիան տարել է 3 հաղթանակ, 3 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։
Հավելենք, որ կողմերն, ընկերական հանդիպումներն էլ ներառյալ, միմյանց դեմ մրցել են 27 անգամ։ Հավաքականները տարել են 9-ական հաղթանակ, նույնքան խաղ էլ ոչ-ոքի է ավարտվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական