Մանչեսթեր Սիթին խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել
«Լիդսի» հենակետային կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Քաղաքաբնակները» գործարքի դիմաց յորքշիրյան ակումբին վճարելու են 42 մլն ֆունտ, որը հետագայում, հավելավճարների տեսքով, կարող է հասնել մինչև 50 միլիոն ֆունտի։
Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ռոմանոն հայտնում է նաև, որ գործարքում ներառվել է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Դարկո Գիաբին, ով կտեղափոխվի «Լիդս»։
Նշվում է, որ այդ փոխանակման շնորհիվ «Սիթիին» հաջողվել է Ֆիլիպսի հրաժարագինը նվազեցնել 5 մլն ֆունտով։
Հաղորդվում է, որ անգլիացի կիսապաշտպանը ցանկացել է տեղափոխվել միայն «Մանչեսթեր Սիթի» ու աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ, ինչի հետևանքով էլ մերժել է բազմաթիվ այլ ակումբների տարբեր առաջարկներ։
Այս գործարքն ավարտին հասցնելուց հետո «քաղաքաբնակները» փորձելու են ձեռք բերել նոր ձախ պաշտպան և դիրքի ամրապնդման ամենահավանական թեկնածուն «Բրայթոնի» ֆուտբոլիստ Մարկ Կուկուրելիան է։
Հավելենք, որ Կալվին Ֆիլիպսը «Լիդսի» սան է, որի կազմում անցկացրել է 233 հանդիպում` դառնալով 13-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիդս, Կալվին Ֆիլիպս, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո