Մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են Լինգարդի ծառայություններով
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին» , հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Ինտերը» և «Ռեալը»։ Բացի այս ակումբներից, անգլիացի կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել նաև Պրեմիեր լիգայի բարձր հորիզոնականները զբաղեցնող ակումբները։ Խոսքը լավագույն վեցնյակում գտնվող ակումբների մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լինգարդը դեռևս չի կողմնորոշվել իր ապագայի հարցում, սակայն նրա նպատակն է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
Հայտնի է միայն, որ «Վեսթ Հեմի» ղեկավարները «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներին հասկացնել են տվել, որ չեն պատրաստվում Լինգարդին ներառել Դեկլան Ռայսի գործարքում․ վերջինիս ցանկանում են ձեռք բերել «կարմիր սատանաները»։ Կողմերն այդ տրանսֆերի հարցում դեռևս չեն սկսել բանակցել։
Հիշեցնենք, որ Լինգարդը վերջին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է վարձավճարով տեղափոխվել «Վեսթ Հեմ»։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որի ավարտից հետո ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Յունայթեդ», քանի որ լոնդոնյան ակումբը չի ունենալու խաղացողին գնելու անմիջական իրավունք։
Հավելենք, որ «Վեսթ Հեմ» տեղափոխվելուց հետո անգլիացի ֆուտբոլիստը մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Ինտեր, Մանչեսթեր-Յունայթեդ, ՊՍԺ, Ջեյսի Լինգարդ, Ռեալ Մադրիդ, Վեսթ Հեմ, տրանսֆերներ