Մանչեսթեր Յունայթեդը նույնպես Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում է 🎥
Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» միջև էր։ Ծանարագույն պայքարում Սուլշերի թիմը կարողացավ 0։2 հաշվով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ՝ ապահովելով իր տեղը կիսաեզրափակիչում, որտեղ արդեն հանգրվանել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։
Այս խաղում գոլերը խփվեցին միայն խաղավարտին։ 88-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիան գոլով եզրափակեց հյուրերի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին՝ դարձնելով հաշիվը 0։1։
Կառլո Անչելոտիի սաները գրեթե ողջ կազմով նետվեցին առաջ՝ փորձելով ամեն գնով ետ բերել կորցրածը և պատժվեցին դրա համար՝ խաղի 90+6-րդ րոպեին երկրորդ գնդակն ընդունելով սեփական դարպասը։ «Կարմիր սատանաների» արագ հակագրոհը Մարկուս Ռեշֆորդի փոխանցումից հետո գոլով եզրափակեց Անտոնի Մարսիալը՝ վերջակետ դնելով այս հանդիպմանը՝ 0։2։
Այսպիսով՝ հայտնի դարձավ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչի 3-րդ մասնակիցը․ «Մանչեսթեր Սիթիին» և «Տոտենհեմ Հոտսպուրին» միացավ նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
# Անգլիայի-Լիգայի-գավաթ, Էվերտոն, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Տոտենհեմ, Օլե-Գունար-Սուլշեր