Մանե. «Ես հաղթել եմ ՉԼ-ն և այլ տիտղոսներ, սակայն Աֆրիկայի գավաթն ավելի կարևոր է»
«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն Աֆրիկայի Ազգերի գավաթը հաղթելուց հետո կիսվել է իր տպավորություններով.
«Սա իմ լավագույն օրն է և լավագույն մրցանակը։ Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգան և մի շարք այլ տիտղոսներ, սակայն այս մեկը յուրահատուկ է, ավելի կարևոր։
Երբ ես չիրացրի առաջին 11-մետրանոցը, մեծ հարված էր ինձ համար, սակայն թիմակիցներս մոտեցան ինձ ու ասացին. «Սադիո, մենք պարտվում և հաղթում ենք միասին։ Մենք գիտենք քեզ և դու շատ մեծ նշանակություն ունես մեզ համար, շարունակիր առաջ շարժվել»։
Այս խոսքերն ինձ ուժեղ դարձրին և կարծում եմ` հենց դրանք ինձ ուժ տվեցին, որպեսզի իրացնեմ հաղթական 11-մետրանոցը։
Այդ հարվածից առաջ բոլոր տղաներն ինձ ասացին. «Սադիո, մենք վստահում ենք քեզ»,- և այդ խոսքերն ինձ ավելի մոտիվացրին։
Այս տիտղոսը պատկանում է ողջ Սենեգալին, բոլորն արժանի էին այս մրցանակին»,- Մանեի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչում Սենեգալի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Եգիպտոսին (0:0, 11 մ – 4:2)` պատմության մեջ առաջին անգամ դառնալով մայրցամաքի չեմպիոն։
Այդ հանդիպման 7-րդ րոպեին Սադիո Մանեն չկարողացավ իրացնել 11-մետրանոցը, սակայն հետխաղյա «վիճակախաղի» ժամանակ հենց նրա դիպուկ հարվածի շնորհիվ «առյուծները» նվաճեցին բաղձալի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Սադիո-Մանե, Սենեգալի հավաքական