Ման. Սիթին խոշոր գումար կվճարի Վուլվզի կիսապաշտպանի դիմաց
«Վուլվերհեմպտոնի» կիսապաշտպան Մատեուշ Նունեշը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները», հավելավճարները ներառյալ, վճարելու են 60 մլն եվրո։
Ակնկալվում է, որ «գայլերն» այդ գումարի 55 եվրոն կստանան միանգամից։
Ռոմանոն հաստատում է, որ այս գործարքի շրջանակում «Վուլվզի» շարքերը համալրելու է «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Թոմի Դոյլը, ում տրանսֆերի դիմաց «գայլերը» վճարելու են 5 մլն ֆունտ։
«Քաղաքաբնակները» 21-ամյա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից ունենալու են 50% մասնաբաժին։
Հաղորդվում է, որ «Սիթին» ու «Վուլվզն» այժմ վերստուգում են բոլոր փաստաթղթերը, որոնք առաջիկա ժամերին ստորագրելուց հետո կողմերը պաշտոնապես ավարտին կհասցնեն գործարքը։
Մատեուշ Նունեշն արդեն Մանչեսթերում է, որտեղ շուտով բուժզննում կանցնի «քաղաքաբնակների» համար։
Ինսայդեր Նիկոլո Սկիրային էլ հայտնի է դարձել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ այս գործարքը դառնալու է «Վուլվերհեմպտոնի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը և կգերազանցի Ռուբեն Նևեշի ռեկորդը, ում դիմաց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը» վերջերս վճարել է 55 մլն եվրո։
Ավելացնենք, որ Մատեուշ Նունեշը «գայլերի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից` անցկացրած 41 խաղում դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Թոմի Դոյլին, ապա 21-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 7 հանդիպում։
Երիտասարդ ֆուտբոլիստը հիմնականում հանդես է եկել «քաղաքաբնակների» Մ-21 թիմում` անցկացրած 50 խաղում դառնալով 9 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թոմի Դոյլ, Մանչեսթեր-Սիթի, Մատեուշ Նունյես, Նիկոլո Սկիրա, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո