Հայտնի է, թե ով է կատարելու Բարտոմեուի գործառույթները
Հոկտեմբերի 27-ին «Բարսելոնայի» արդեն նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ տնօրենների խորհրդի հետ հրաժարական է տվել։ Բարտոմեուն ակումբի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հունվարից, երբ կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական տվեց Սանդրո Ռոսելը։
Այժմ ակումբի ղեկավարումն անցել է, այսպես կոչված Կառավարման հանձնաժողովին, որը հավաքական մարմին է։ Ակումբի տնտեսական հանձնողովի նախագահը դառնալու է այդ Կառավարման հանձնաժողովի նախագահ։ Այդ պաշտոնում ավտոմատ կերպով նշանակվելու է Կառլես Տուսկետսը, ով էլ ակումբի նոր ժամանակավոր ղեկավարն է դառնալու։ Տուսկետսը չէր համարվում ակումբի տնօրենների խորհրդի անդամ։
Այդ Կառավարման հանձնաժողովի հիմնական նպատակը և գործառույթը լինելու է 45-90 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրությունների կազմակերպումը։ Հավելենք, որ նախագահի պաշտոնի համար հավակնելու են հինգ հոգի՝ Ժորդի Ֆարեն, Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտը, Տոնի Ֆրեյշան, ինչպես նաև Կսավյե Վիլախոանան։
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Ժորդի Ֆարե, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կառլես Տուսկետս, Կսավյե Վիլախոանա, Վիկտոր Ֆոնտ, Տոնի Ֆրեյշա