Հայտնի է դարձել, թե Դեշամն ինչ է ասել իր սաներին Արգենտինայի դեմ հանդիպման ընդմիջմանը
ԱԱ-2022-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դրամատիկ պայքարում 11-մետրանոցներով զիջեց Արգենտինային` զրկվելով աշխարհի եռակի չեմպիոն դառնալու հնարավորությունից։
Հայտնի է դարձել, թե «եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ինչ է ասել իր սաներին այդ հանդիպման ընդիջմանը։
GFFN-ը, հղում կատարելով L’Équipe-ին, հայտնում է, որ Դեշամն ընդմիջմանը չի թաքցրել իր զայրույթը։ Նա ֆուտբոլիստների ասել է, որ պետք է գործել ավելի կոմպակտ, ավելի հստակ և կայացնել ավելի ճիշտ որոշումներ։
«Դուք տեղում չեք, տղաներ։ Դուք գնդակի համար պայքարում չեք հաղթել ոչ մի մենապայքարում։ Տպավորություն է, թե դուք չեք խաղում աշխարհի առաջնության եզրափակիչում»,- իր ճառում նշել է 54-ամյա մասնագետը։
Հաղորդվում է, որ Դեշամից հետո խոսել է նաև Ֆրանսիայի հավաքականի ավագ Ուգո Լյորիսը։
Նշվում է, որ 35-ամյա դարպասապահը նույնիսկ իր տոնն է բարձրացրել խաղընկերների վրա։
Լյորիսից հետո խոսել է նաև «եռագույնների» պահեստային դարպասապահ Սթիվ Մանդանդան, ով նշել է, որ, չնայած խաղի կարևորությանն, իր թիմակիցիները խաղում են առանց ցանկության։
Հիշեցնենք, որ Արգենտինայի դեմ կայացած եզրափակիչում «եռագույններն» առաջին կեսից հետո պարտվում էին 0:2 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում Կիլիան Մբապեի դուբլի շնորհիվ կարողացան խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում «ալբիսելեստեն» երրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց ֆրանսիացիները լուսատախտակին կրկին հավասար հաշիվ վառեցին, ինչից հետո կողմերն իրացրին 11-մետրանոց հարվածներ, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Կիլիան-Մբապե, Մունդիալ-2022, Ուգո Լյորիս, Սթիվ Մանդանդա, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական