Հայաստանի հավաքականի հայտացուցակի հետքերով. նորեկներ, հին անուններ, բացականեր
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին և 19-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի ընտրանիների դեմ։
Օրեր առաջ ՀՖՖ-ն հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են հավաքական` մասնակցելու այդ հանդիպումներին, ինչպես նաև հայտնեց, որ հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոման Բերեզովսկին։
Կազմի հրապարակումից հետո Բերեզովսկին նշեց, որ «այս հանդիպումները փորձարկումներ անելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է», սակայն հրավիրված և չհրավիրված խաղացողների վերաբերյալ մի շարք անտրամաբանական որոշումներ կան։
Այժմ միասին կփորձենք վերլուծել և հասկանալ, թե որ ֆուտբոլիստները պետք է հրավիրվեին հավաքական, ովքեր են, որոնց փոխարեն փորձարկումներ կատարելու համար ավելի օպտիմալ տարբերակներ կլինեին և ովքեր են նորեկները։
Հայաստանի հավաքականի դարպասը վերջին անգամ յան-ով վերջացող ազգանունով դարպասապահ պաշտպանել է Արամ Հայրապետյանը 3 տարի առաջ՝ Իտալիայի դեմ կայացած չարաբաստիկ խաղում (1:9):
Ռոման Բերեզովսկին առաջիկա հանդիպումների համար հրավիրել է 3 դարպասապահ, որոնցից երկուսը՝ Արման Ներսեսյանը և Հենրի Ավագյանը, ներկայացնում են ԲԿՄԱ-ն, մյուսն էլ Ստանիսլավ Բուչնևն է։
Եթե Բուչնևի հավաքական հրավիրվելն, ինչ-որ տեղ հասկանալի է, ապա ի՞նչ հիմքով են հրավիրվել Հենրի Ավագյանն ու Արման Ներսեսյանը։
Արման Ներսեսյանն ընթացիկ մրցաշրջանում միայն 3 հանդիպման է մասնակցել և բաց թողել 7 գնդակ, իսկ Հենրի Ավագյանը՝ 19 գոլ 12 խաղում։
Արման Ներսեսյանը լավ մարզավիճակում չէ, և վերջին անգամ նա դաշտ է դուրս եկել սեպտեմբերի 4-ին՝ «Ուրարտուի» դեմ կայացած խաղում` բաց թողնելով 4 գնդակ։
Մեղմ ասած՝ լավ արդյունքներ չեն և, ընդհանրապես, փորձարկումների համար նպատակահարմար կլիներ ոչ թե մեկ թիմից հրավիրվել երկու դարպասապահի, այլ, գոնե, մեկի։
Հենրի Ավագյանին գործի մեջ տեսնելու հնարավորություն կա, որը պետք չէր բաց թողնել։
Արման Ներսեսյանի փոխարեն Ռոման Բերեզովսկին կարող էր ավելի լավ տարբերակ գտնել հենց Fastex Պրեմիեր լիգայից։ «Լեռնային Արցախի» 23-ամյա դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է և բավարար խաղային պրակտիկա ունի։
Գրիգորյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է իր թիմի բոլոր 15 հանդիպումներին` այդ ընթացքում բաց թողնելով նույնքան գոլ։
Այժմ անդրադառնանք պաշտպանության գոտում հրավիրվածներին։
Բերեզովսկին նշել է նաև, որ «որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով», սակայն, եթե համեմատենք նախորդ հանդիպումների ժամանակ հրավիրվածներին, ապա տեսնում ենք, որ մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել։
Կամո Հովհաննիսյանը, Դավիթ Տերտերյանը, Արման Ղազարյանը և Ավենտիս Ավենտիսյանը նախորդ հավաքին չկային։
Նախորդ հավաքի և այս ընտրված կազմի պաշտպաններից վեցը մնացել են նույնը (Վարազդատ Հարոյան, Հրայր Մկոյան, Տարոն Ոսկանյան, Հակոբ Հակոբյան, Ժիրայր Մարգարյան, և Ստյոպա Մկրտչյան), իսկ Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Հովհաննես Համբարձումյանը և Անդրե Չալըշըրը բացակայում են։ Այստեղ ծագում են մի շարք հարցեր։
Եթե Բերեզովսկին փորձառուներին հանգիստ է տվել, ապա ինչո՞ւ են հրավիրվել Հրայր Մկոյանը, Տարոն Ոսկանյանը կամ Վարազատ Հարոյանը։ Այս երեքի տարիքը միասին 95 է։ Ինչու՞ հրավիրել նրանց, այն դեպքում, երբ Կիպրոսում բավական վստահ խաղով է աչքի ընկնում Արթուր Քարտաշյանը, ով «Օլիմպիակոս Նիկոսիայի» հիմնական կազմի ֆուտբոլիստներից է` 11 հնարավոր հանդիպումներից մասնակցելով 10-ին։
ԲԿՄԱ-ի կազմում Ալբերտ Խաչումյանը կանոնավոր խաղաժամանակ է ստանում և այս պահին օպտիմալ մարզավիճակում է։ Պետք էր հնարավորություն տալ նաև նրան։
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը կոլումբական «Ինդեպիենդենտե» ակումբի հիմնական եզրային պաշտպանն է։ Նա այս մրցաշրջանում հասցրել է 15 խաղի մասնակցել` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ, սակայն, նա նույնպես բացակայում է։
Պաշտպանության աջ եզրում միայն Դավիթ Տերտերյանն է, իսկ Արարատի ներկայությունը կարող էր մրցակցություն ստեղծել։
Այդուհանդերձ, գովելի է, որ Տերտերյանը ևս հրավիրվել է հավաքական։ Նա մեծ ներուժ ունի և նրա խաղը մեր հավաքականին կարող է շատ օգնել։
Այս անգամ պաշտպանությունում մենք ունենք նորեկներ։ Խոսքն, առաջին հերթին, «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Արման Ղազարյանի մասին է, ով Դմիտրի Գունկոյի համար անփոխարինելի խաղացող է դարձել։
19-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։ Երիտասարդ ֆուտբոլիստը բավական բարձրահասակ է (191 սմ), իսկ Հայաստանի հավաքականը նման ֆուտբոլիստի կարիք միանաշանակ ունի։ Հեղինակավոր Transfermakt կայքը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 150 հազ. եվրո։
Հայաստանի հավաքականի մյուս նորեկը Ավենտիս Ավենտիսյանն է, ով հանդես է գալիս հոլանդական Էրեդիվիզիայի «Գոու Ըհեդ Իգլս» ակումբում։
Ավենտիսը 20 տարեկան է, խաղում է ձախ պաշտպանի դիրքում։ Ճիշտ է, նա իր թիմի հիմնական կազմում դեռ 1 հանդիպում է անցկացրել, բայց նրա` եվրոպական ֆուտբոլում լինելը կարող է օգտակար լինել հավաքականի համար։
Ավենտիսյանն իր կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ից` հանդես գալով գրեթե բոլոր մանկապատանեկան թիմերում։ Նրա տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt-ի, 75 հազ. եվրո է։
Կիսապաշտպանության գոտում Բերեզովսկին հանգստի հնարավորություն է տվել Խորեն Բայրամյանին, սակայն, առաջին անգամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ դառնալուց հետո հրավիրվել է նաև Արթուր Գալոյանը, ով Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ալանիայի» հիմնական ու առանցքային խաղացողներից մեկն է։
Գալոյանի արդյունավետությունն արդեն խոսում է նրա ֆուտբոլային բարձր ինտելեկտի մասին։ 23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման` դառնալով 7 գոլի և 10 գոլային փոխանղման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1.2 մլն եվրո, ինչը լավագույններից է Հայաստանի հավաքական հրավիրվածների շրջանակում։
Գալոյանը կարող էր հրաշալի համագործակցել Էդուարդ Սպերցյանի հետ, սակայն Բերեզովսկին անհասկանալիորեն որոշել է չհրավիրել նրան։ «Կրասնոդարի» առաջատարի համար այս երկու ընկերական խաղերը մեծ հնարավորություն էին հասկանալու, թե որ դիրքում նա կարող է ավելի լավ խաղալ։ Եվ, ընդհանրապես, եթե փորձարկումների համար են այս խաղերը, ապա նրա նման խաղացողին փորձարկելու ավելի լավ հնարավորություն չէր կարող լինել։
«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը նույնպես հրավիրվել է, ինչը ևս հարցերի տեղիք է տալիս։
Եթե անել փորձարկումներ, ապա ինչո՞ւ չհրավիրել «Ուրարտուի» հենակետային կիսապաշտպան Նարեկ Աղասարյանին, ով իր թիմի առանցքային խաղացողներից մեկն է։
Հավաքական չեն հրավիրվել նաև Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, Լուկաս Սելարայանը, որոնց համար սա հնարավորություն էր թիմին ինտեգրվելու ու լավ խաղալու համար, բայց, ինչպես տեսնում ենք, նրանք դուրս են մնացել հայտացուցակից։
Թերևս, այս հայտացուցակից կարելի է ենթադրել, որ Սարգիս Ադամյանը ոչ միայն խնդիր է ունեցել Կապառոսի, այլև ՀՖՖ-ի հետ, կամ այս հավաքին նա պարզապես չի ցանկացել միանալ։
Անկախ ամեն ինչից` մենք շատ քիչ խաղացողներ ունենք, ովքեր հանդես են գալիս եվրոպական թոփ-5 առաջնություններում և Ադամյանին չհրավիրելն, անկասկած, պարզաբանման կարիք ունի։
Եվ ամենակարևորը` Բերեզովսկին հավաքական է հրավիրել մեկ ընդգծված աջ եզրային կիսապաշտպանի/վինգերի։ Խոսքը «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանի մասին է։
Եկեք գնանք Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի «Վան» ակումբ։ Աջ եզրում է խաղում Էդգար Մովսեսյանը, ով, խփած 7 գոլով, ներկա պահին լավագույնն է հայ ֆուտբոլիստների շրջանակում։ Նման խաղացողին հնարավորություն չտալը ևս անհասկանալի է։
Տևական դադարից հետո հավաքական է վերադարձել Պետրոս Ավետիսյանը, ում խաղը ևս արժանի է գնահատման։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին կմցրի Կոսովոյի, իսկ 19-ին`Ալբանիայի հավաքականների դեմ։
Սրանք վերլուծություններ են, որոնք պետք են մեզ բոլորիս՝ շատ հարցերի պատասխաններ ստանալու համար։ Որոշումները երբեք չենք կարող անվանել սխալ, երբ դեպքերն ու իրողությունները չեն ավարտվել։ Ուրեմն, հավատանք, սպասենք ու հուսանք, որ Ռոման Բերեզովսկու հրավիրած ֆուտբոլիստները կարդարացնեն իրենց, և մենք կտեսնենք նոր`ավելի ուժեղ և մեծ ներուժ ունեցող հավաքական։
Հաղթանակներ մեր ազգային ընտրանուն առաջիկա խաղերում։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Ալբանիա - Հայաստան, ընկերական-հանդիպումներ, Կոսովո - Հայաստան, Հայաստանի-հավաքական, Սամվել Մխիթարյան, վերլուծություն