Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ Comeback կատարեց Ռումինայի դեմ խաղում🎥
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում J խմբի շրջանակում մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսում Ռումինիայի հավաքականի ֆուտբոլիսնտերն ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն գոլային պահերի առումով կարելի է ասել, որ հավասարություն էր․ երկու կողմերն էլ աչքի ընկնելու լավ պահեր ունեին։
Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ դառնալուն մոտ էին Ալեքսանդր Կարապետյանն ու Տիգրան Բարսեղյանը, իսկ Ռումինիայի հավաքականից՝ Նիկոլաե Ստանչուն, ում երկու հարվածներից հետո հիանալի խաղաց Դավիթ Յուրչենկոն։
Ամեն դեպքում, առաջին խաղակեսն ավարտվեց 0։0 հաշվի պայմաններում։
Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եռակի փոփոխություն կատարեց․ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի, Ալեքսանդր Կարապետյանի, Կարեն Մուրադյանի փոխարեն դաշտ մտան Սարգիս Ադամյանը, Ժիրայր Շաղոյանը և Էդուարդ Սպերցյանը։ Վերջինս մեր հավաքականի կամզում նշեց իր նորամուտը։
Մերոնք բավական ակտիվ մեկնարկեցին երկրորդ կեսը և արդեն 51-րդ րոպեին շատ մոտ էին խաղի հաշիվը բացելուն։ Հովհաննես Համբարձումյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո մոտ տարածությունից վրիպեց Ժիրայր Շաղոյանը․ նրա հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
56-րդ րոպեին, ի վերջո, տանտերերը բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։ Հանուն արդարության՝ նշենք, որ այդ դրվագում Սպերցյանին մեծապես օգնեց անդրադարձը։
Մեր հավաքականի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 62-րդ րոպեին խաղի հյուրերը հավասարեցրին հաշիվը․ աչքի ընկավ Ալեքսանդրու Չիկալդաուն։
Այդ գոլից հետո խաղը մի փոքր հանդարտվեց, սակայն նախաձեռնությունը ռումինացիները պահում էին իրենց ձեռքում։
Ցավոք, 72-րդ րոպեին մեր տղաները ևս մեկ գնդակ հանեցին սեփական դարպասից։ Հարձակման ձախ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո կրկին աչքի ընկավ Չիկալդաուն։
Դրանից շատ չանցած՝ 78-րդ րոպեին, Ռումինիայի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ անչափ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց կենտրոնական հարձակվող Գեորգե Պուշկաշը։
Ստանալով քանակական առավելություն՝ Հայաստանի հավաքականը նետվեց առաջ՝ փրկելու հանդիպումը։
Մեր տղաները սկսեցին տիրել նախաձեռնությանը և 83-րդ րոպեին կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Շաղոյանի հարվածից հետո դարպասապահ Ֆլորին Նիցեն փրկեց Ռումինիայի հավաքականին։
Հաջորդ իսկ գրոհին մոտ էր գոլի հեղինակ դառնալուն արդեն Սարգիս Ադամյանը, սակայն Նիցեն կրկին փայլեց։
Մեր հավաքականի գրոհները տվեցին իրենց արդյունքը։ Նախ 87-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, ապա 89-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հաշիվը դարձրեց 3։2։
Խաղավարտին մոտ Ռումինիայի հավաքականն այլևս ուժ չուներ և չկարողացավ որևէ բան առաջարկել Հայաստանի հավաքականին։
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում վաստակեց 9 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ Ռումինիան 3 միավորով 4-րդն է։
J խմբի շրջանակում մարտի 31-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ից սկսած, կկայանան հետևյալ խաղերը․
Լիխտենշտեյն – Իսլանդիա
Գերմանիա – Հյուսիսային Մակեդոնիա
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդրու Չիկալդաու, Դավիթ Յուրչենկո, Էդուարդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան, Խոակին Կապարոս, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական, Տիգրան-Բարսեղյան