«Բունդեսմանշաֆթն» ապացուցեց իր  բարձր կարգը իսլանդացիների դեմ խաղում🎥

«Բունդեսմանշաֆթն» ապացուցեց իր բարձր կարգը իսլանդացիների դեմ խաղում🎥

26/03/2021 - 01:56

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպման շրջանակում J խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականն ընդունեց Իսլանդիայի ընտրանուն։

Խմբի ակնհայտ ֆավորիտն, ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից խաղի ղեկն իր ձեռքում վերցրեց և շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ։ 3-րդ րոպեին առաջին իսկ լուրջ գրոհի ժամանակ, Սերժ Գնաբրիից ստանալով փոխանցում, Լեոն Գորեցկան բավական գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Ոգևորված ձեռքբերածով՝ Յոաքիմ Լյովի սաները նետվեցին առաջ՝ զարգացնելու հաջողությունը և ևս 4 րոպե անց կրկին արդյունավետ եզրափակեցին իրենց գրոհը։ Այս դրվագում աչքի ընկնելու հերթն արդեն Կայ Հավերցինն էր, ով գոլային փոխանցում ստացավ Լերոյ Սանեից և կրկնապատկեց իր թիմի առավելոիթյունը։

Մինչև առաջին խաղակեսի ավարտ գերմանացիներն ունեին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու ևս մի քանի հնարավորություն, սակայն կողմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը կրկին ակտիվ մեկնարկեցին տանտերերը 56-րդ րոպեի դրությամբ հաղթում էին արդեն 3։0 հաշվով, իսկ գոլի հեղինակ դառնալու հերթն արդեն Իլկայ Գյունդողանինն էր, ով հեռու տարածությունից գրավեց Հանես Հալդոուրսոնի պաշտպանած դարպասը։

Այս գոլից հետո գերմանացիներն իրենց գործը համարեցին ավարտված և գցեցին խաղի տեմպը՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով մրցակցին քիչ թե շատ վտանգավոր գրահներով սպառնալ Մանուել Նոյերին դարպասի ուղղությամբ, սակայն իսլանդացիներին վիճակված չէր այս խաղում գրավել ահեղ մրցակցի դարպասը։

Տանտերերն էլ իրենց հերթին մի քանի գոլային դրվագ իրենք փչացրին․ հանդիպման 71-րդ րոպեին Գնաբրիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Այնուամենայնիվ, Գերմանիայի ընտրանին գերազանց կատարեց իր առջև դրված առաջադրանքը և 3։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն՝ վաստակելով 3 միավոր և զբաղեցնելով J խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը։

Խմբի մյուս խաղերում Հայաստանի ընտրանին 1։0 հաշվով արտագնա խաղում հաղթեց Լիխտենշտեյնին, իսկ ռումինացիները՝ 3։2 հաշվով Հյուսիսային Մակեդոնիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023