Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստը տեղափոխվեց արտերկիր
Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը տեղափոխվել է բուլղարական «Բոտև», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հեղինակավոր Transfermarkt կայքն էլ հաստատում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Պլովդիվ քաղաքը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Փիլոյանը հանդես է եկել ռուսական «Վիստայի» ու «Կրասնոդարի» համակարգերում, իսկ 2024 թ. փետրվարին տեղափոխվել էր «Վան», որի կազմում 17 խաղում կատարել 1 գոլային փոխանցում։
Երիտասարդ ֆուտբոլիստը Հայաստանի Մ21 հավաքականում անցկացրել է 8 հանդիպում։ Նա մեկ անգամ էլ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և եղել է պահեստայինների նստարանին այս տարվա մարտին Կոսովոյի դեմ կայացած ընկերական խաղում (0:1)։
«Բոտևը» 2023/24 մրցաշրջանում դարձել է Բուլղարիայի գավաթի խաղարկության հաղթող և մասնակցում է Եվրոպա լիգայի որակավորմանը, որի առաջին փուլում հաղթահարել է սլովենական «Մարիբորի» արգելքը։ Ակումբի հաջորդ մրցակիցը լինելու է հունական «Պանատինայկոսը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոտև, Բուլղարիայի առաջնություն, Բուլղարիայի գավաթ, Եվրոպա-լիգա, Էդգար Փիլոյան, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-հավաքական, ՀՊԼ, Վան