Հայաստանի ըմբիշները ձախողեցին Ստամբուլի օլիմպիական վարկանիշային մրցաշարը

Հայաստանի ըմբիշները ձախողեցին Ստամբուլի օլիմպիական վարկանիշային մրցաշարը

12/05/2024 - 17:38

Հայաստանը ներկայացնող ըմբիշները ձախողեցին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը։

Մայիսի 9-10-ը պայքարում եղան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնում էին Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Միակ հաղթանակը տարավ Գևորգ Թադևոսյանը, որը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթեց իտալացի Միրկո Մինգուցիին և հաջորդ գոտեմարտում զիջեց Լաշա Գոբաձեին (Վրաստան)։

Ղարիբյանն ու Օվասապյանը պարտվեցին հենց մեկնարկային գոտեմարտում։ Հետագայում հայ ըմբիշներին հաղթած ըմբիշները չհասան եզրափակիչ` զրկելով օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։

Մայիսի 11-ին պայքարն սկսեցին ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։

Ալիխանյանն ու Գևորգյանը սկսեցին հաղթանակով և պարտվեցին հաջորդ գոտեմարտում, իսկ Սարգսյանն ու Մկրտչյանը զիջեցին առաջին իսկ մրցակցին։

Լյովա Գևորգյանին հաղթած չինացի Դեն Չժիվեյը հասավ եզրափակիչ և հնարավորություն տվեց հայ ըմբիշին անցկացնել սփոփիչ գոտեմարտ, սակայն արդեն մայիսի 12-ին պարտվեց Բահրեյնը ներկայացնող Շամիլ Շարիպովին։

Այսպիսով, վերոնշյալ հայ ըմբիշներից ոչ մեկ չկարողացավ նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Ստամբուլի վարկանիշային մրցաշարը վերջին հնարավորությունն էր Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ Վարկանիշ ձեռք բերելու համար անհրաժեշտ էր կա՛մ դուրս գալ եզրափակիչ, կա՛մ հաղթել բրոնզե մեդալակիրների միջև նշանակցած լրացուցիչ գոտեմարտում։

Հիշեցնենք` ավելի վաղ ըմբշամարտի Հայաստանի հավաքականից ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել հունահռոմեականներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023