Կարմիր քարտերի տեղատարափ․ Գրանադան շարունակում է հաճելիորեն զարմացնել🎥
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային» և իրադարձություններով հարուստ խաղում կարողացավ կամային հաղթանակ տանել՝ 2։1 հաշվով։
Խաղի 15 րոպեին «Գրանադայի» կիսապաշտպան Քենեդին գոլի հեղինակ դարձավ, սակայն VAR համակարգն արձանագրեց կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից։
10 րոպե անց Դենիս Չերիշևի` հարձակման ձախ թևից կատարած սուր փոխանցումից հետո հյուրերի փորձառու հարձակվող Կևին Գամեյրոն գրավեց «Գրանադայի» դարպասը` 0:1:
Առաջին խաղակեսի ավարտին՝ 45+3 րոպեին, Քենեդին, այնուամենայնիվ, կարողացավ խփել իր գոլը։ Տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ հյուրերի պատ կազմած ֆուտբոլիստին և, փոխելով հետագիծը, հայտնվեց Խաումե Դոմենեկի պաշտպանած դարպասում։
Այնուհետև խաղում տոն տվողը դարձավ գլխավոր մրցավար Ադրիան Վեգան։ 70-րդ րոպեին կոպիտ խաղի համար նա երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և խաղադաշտից հեռացրեց «Վալենսիայի» հարձակվող Խասոնին։ 3 րոպե անց մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտի արժանացավ նաև Գոնսալո Գուեդեշը՝ իր թիմին թողնելով 9 հոգով, իսկ ևս 3 րոպե անց կոպիտ խաղի և վտանգավոր գրոհի կասեցման համար խաղադաշտից հեռացվեց «Գրանադայի» պաշտպան Դոմինգոս Դուարտեն։
88-րդ րոպեին խաղի վերջին գոլը գլխի հարվածով խփեց տանտերերի իսպանացի հարձակվող Խորխե Մոլինան՝ կամային հաղթանակ պարգևելով «Գրանադային», իսկ խաղն ավարտվեց 2։1 հաշվով։
Այս խաղից հետո թիմերը մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետևյալ կերպ․ «Գրանադան» 24 միավորով 7-րդն է, իսկ «Վալենսիան» մնաց վաստակած 15 միավորով՝ զբաղեցնելով 16-րդ հորիզենականը։
# Գոնսալո Գուեդեշ, Գրանադա, Լա-լիգա, Խորխե Մոլինա, Կևին Գամեյրո, Վալենսիա, Քենեդի