Անկայուն ՊՍԺ-ն․ Լիգա 1-ի ակնհայտ հետնապահը անախորժություններ պարգևեց Պոչետինոյին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի շրջանակում լուրջ անակնկալ գրանցվեց։
Վերջին տարիների անփոփոխ չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ մրցաշրջանի ակնհայտ հետնապահ «Լորյանի» դեմ։
Շատերի համար անսպասելիորեն հանդիպման առաջին խաղակեսն ընթանում էր «Լորյանի» ֆուտբոլիստների թելադրանքով, ինչն էլ տվեց իր արդյունքը․ 36 -րդ րոպեին տանտերերը Լորան Աբերժելի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Առաջին կեսում ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում, սակայն 45-րդ րոպեին օգնության եկավ 11-մետրանոց հարվածը, որն էլ անվրեպ իրացրեց Նեյմարը։
58-րդ րոպեին «Փարիզի» ֆուտբոլիստները ևս մեկ 11-մետրանոց վաստակեցին, որը կրկին իրացրեց Նեյմարը՝ առաջ մղելով իր թիմին։
Երկրորդ խաղակեսում փարիզյան ակումբի ֆուտբոլիստները վերահսկում էին խաղի ընթացքը, բավական վտանգավոր պահեր էին ստեղծում, որպեսզի խփեն երրորդ գնդակը, սակայն որոշ դրվագներում «Լորյանի» դարպասապահ Մատյե Դրեյեն պարզապես փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Երկար ժամանակ ՊՍԺ-ն հաղթում էր 1։2 հաշվով, սակայն 80-րդ րոպեին առաջնության հետնապահները դասագրքային թիմային գրոհ իրականացրին, որն էլ եզրափակեց Յոհան Վիսան։
«Պարի Սեն-Ժերմենի» տղաները չընկճվեցին և նետվեցին առաջ՝ հաղթանակ կորզելու, սակայն լրիվ հակառը եղավ, քանի որ 90+1-րդ րոպեին տանտերերը նետվեցին կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Թերեմ Մոֆին մեն-մենակ հայտնվեց Սերխիո Ռիկոյի դիմաց՝ հանգիստ գրավելով դարպասը։
Այսպիսով, Մաուրիսիո Պոչետինոն, ով վերջերս է նշանակվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ, ակումբի ղեկին կրում է առաջին պարտությունը։ Այս պարտության հետևանքով ՊՍԺ-ն մնաց 45 միավորով և նահանջեց 3-րդ հորիզոնական՝ իրենից առաջ թողնելով «Լիլին» (48 միավոր) և «Լիոնին» (46 միավոր)։ «Լորյանն» էլ վաստակեց 18 միավոր, լքեց մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ, հորիզոնականը՝ բարձրանալով 18-րդ տեղ։
# Թերեմ Մոֆի, Լիգա-1, Լիլ, Լիոն, Լորան Աբերժել, Լորյան, Մաուրիսիո-Պոչետինո, Յոհան Վիսան, Նեյմար, ՊՍԺ