Լուկակուն մոտ է նոր ակումբ ունենալուն
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է կարիերան իտալական «Նապոլիում» շարունակելուն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ «աձուրիները» մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել բելգիացի ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, իսկ 31-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը լինելու է 6,5 մլն եվրո։
Աղբյուրի համաձայն` Լուկակուի գլխավոր նպատակն է կրկին աշխատել իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի հետ, որը վերջերս նշանակվել է «Նապոլիի» գլխավոր մարզիչ։
«Նապոլին» ֆուտբոլիստի տեղափոխության հարցում դեռ պետք է բանակացի «Չելսիի» հետ։ Հայտնի է, որ նեապոլյան ակումբը պատրաստ է նրա տեղափոխության համար «ազնվականներին» վճարել 25 մլն եվրո։
Լուկակուն 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»` 47 խաղում խփելով 21 գոլ, կատարելով 4 ասիստ։ Բելգիացին և Կոնտեն միասին 2019-2021 թթ. աշխատել են Միլանի «Ինտերում»։
Լուկակուն երկրորդ անգամ «Չելսի» է տեղափոխվել 2021 թ. ամռանը հենց «Ինտերից»։ Տրանսֆերի դիմաց լոնդոնյան ակումբը վճարել է 113 մլն եվրո։ Նա լոնդոնյան ակումբում 59 խաղում դարձել է 15 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Նապոլի, Նիկոլո Սկիրա, Չելսի, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, տրանսֆերներ