Լիվերը կոտրում է «Էնֆիլդի» սառույցը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։
Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին խաղակեսն անցավ մերսիսայդյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները մի քանի գոլային պահեր ստեղծեցին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Տրենտ Ալեքսնդր-Առնոլդն ու Մոհամեդ Սալահը։
Խաղակեսի վերջնամասում գործեց ֆուտբոլի չգրված օրենքներից մեկը․ չես խփում դու, խփում են քեզ։ 43-րդ րոպեին Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Օլի Վոթկինսի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։
Նախքան ընդմիջման գնալը Յուրգեն Կլոպի սաներին հաջողվեց խփել պատասխան գնդակը․ 45+2-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Պոլ Թիրնին չեղարկեց բրազիլացի ֆուտբոլիստի գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «Աստոն Վիլլայի» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսում մերսիսայդյան ակումբի առավելությունն առավել քան ակնհայտ էր, ինչն էլ նպաստեց, որ «կարմիրները» կարողացան բեկել հանդիպման ընթացքը՝ տանելով կամային հաղթանակ։
Նախ 57-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հավասարեցրեց հաշիվը, ապա 90+1-րդ րոպեին՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խփեց հաղթական գնդակը։
Այսպիսով, «Լիվերպուլը» 2։1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»՝ կոտրելով «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտի սառույցը։ Մերսիսայդյան ակումբը սեփական հարկի տակ Պրեմիեր լիգայի շրջանակում վերջին անգամ հաղթանակ տոնել էր 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ 13-րդ տուրի շրջանակում 2։1 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ։
«Լիվերպուլը» «Էնֆիլդում» չէր հաղթել 8 հանդիպում՝ այդ ընթացքում կրելով 6 անընդմեջ պարտություն։
Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի թիմը վաստակեց 52 միավոր, շրջանցեց «Վեսթ Հեմին» և «Տոտենհեմին»՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Աստոն Վիլլան» էլ մնաց 44 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դին Սմիթ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Վեսթ Հեմ, Տոտենհեմ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Օլի Վոթկինս