Մեսսին Իսպանիայի ամենախոշոր հարկատուն է․ որքա՞ն հարկ է նա վճարել 2017 թ․ ի վեր
Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, թե «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին որքան հարկ է վճարել Իսպանիային 2017 թվականից ի վեր։ Հենց այդ ժամանակ է արգենտինացի ֆուտբոլիստը վերջին անգամ երկարաձգել իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։
Վերջերս El Mundo պարբերականը հրապարակեց «Բարսայի» ու Մեսսիի միջև 2017 թվականին կնքված պայմանագրի մի շարք կետեր։ Ըստ այդ El Mundo-հրապարակման՝ առավելագույն գումարը, որը արգենտինացի ֆուբտոլիստը կարող է ստանալ «Բարսելոնայից» քառամյա պայմանագրի արդյունքում կազմում է 555 մլն եվրո։
Կատալոնական El Periódico de Catalunya թերթն էլ հրապարակել է, թե Մեսսին 2017 թվականից ի վեր որքան հարկ է վճարել Իսպանիայի կառավարությանը։ Պարզվում է՝ 33-ամյա ֆուտբոլիստն իր պայմանագրի վերջին թարմացումից հետո վճարել է արդեն 370 մլն հարկ, որից միայն 275 մլնը եկամտահարկ է եղել։
Բացի եկամտահարկից, Մեսսին հարկ է վճարում նաև իր իմիջային իրավունքների պաշտպանության և գովազդային պայմանագրերի համար։ Այդ ամենի դիմաց Մեսսին հարկ է վճարում իր եկատմի 15 %-ը։
Նշվում է, որ Մեսսին դեռևս չի ստացել պայմանագրով նախատեսված իրեն հասանելիք ողջ գումարը, այդ պատճառով էլ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նոր կկատարի իր հարկային պարտավորությունների մյուս մասը։
Ստացվում է, որ Մեսսին յուրաքանչյուր տարի Իսպանիայի կառավարությանը վճարում է մոտ 70 մլն եվրո հարկ։ Արգենտինացի ֆուտբոլիստն այս ընթացքում եղել է Իսպանիայի ամենախոշոր հարկատուն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և Լեո Մեսսիի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լեո Մեսսի