Լացիոն շարունակում է անկանոն մրցելույթները, իսկ Վերոնան հաճելիորեն զարմացնում է🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։
Հանդիպման մեծ մասում հռոմեական ակումբի ֆուտբոլիստները վերահսկում էին գնդակի ընթացքն ու ունեին առավելություն, սակայն չհաջողվեց հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։
45-րդ րոպեին «Վերոնան» բացեց խաղի հաշիվը․ ինքնագոլի հեղինակ դարձավ Մանուել Լացարին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Սիմոնե Ինձզագիի սաները առավելություն ունեին, ինչն էլ նպաստեց, որ «արծիվները» 56-րդ րոպեին Ֆելիպե Կայսեդոն հավասարեցրեց հաշիվը։
Թվում էր՝ «Լացիոն» բավականին երկար ժամանակ ունի, որպեսզի կարողանա հաղթանակ կորզել, սակայն 67-րդ րոպեին վերոնական ակումբը կրկին հաշվի մեջ առաջ անցավ։ Հռոմեական ակումբի պաշտպան Ստեֆան Ռադուն սեփական տուգանային հրապարակի մատույցներում սխալ փոխանցում կատարեց, ինչից էլ օգտվեց «Վերոնայի» հարձակվող Ադրիեն Թամեզը, շրջանցեց դարպասապահին՝ գրավելով դատարկ դարպասը։
Խաղավարտին մոտ տանտերերը ոչ-ոքի կորզելու լավ հնարավորություն ունեին, սակայն անկյունայինի խաղարկումից հետո Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի գլխով կատարած հարվածից «Վերոնայի» դարպասապահ Մարկո Սիլվեստրին հիանալի սեյվի հեղինակ դարձավ, իսկ վրա հասած Չիրո Իմոբիլեի հարվածը մոտ տարածությունից շեղ ստացվեց։
Այսպիսով, «Վերոնան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ և վաստակած 19 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Լացիոն» 17 միավորով 8-րդն է։
Հավելենք, որ Իվան Յուրիչի սաներն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում չեն պարտվել «Ռոմային» (հետագայում «Վերոնայի» անվան դիմաց 3։0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց), «Միլանին» և «Յուվենտուսին», հյուրընկալվելիս էլ հաղթել են «Ատալանտային»։ Այժմ էլ «Լացիոյին» հաղթեցին։
# Ա-սերիա, Ադրիեն Թամեզ, Իվան Յուրիչ, Լացիո, Մանուել Լացարի, Սիմոնե Ինձզագի, Վերոնա, Ֆելիպե Կայսեդո