Լայպցիգի պաշտպանը դառնալու է ոսկրածուծի դոնոր
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, «Լայպցիգի» պաշտպան Վիլի Օրբանը փետրվարի 8-ին դառնալու է ոսկրածուծի դոնոր։
Հայտնի է, որ հունգարացի պաշտպանը 2017 թ. գրանցված է դոնորների հատուկ բազայում և պարբերաբար օգնում է դրա կարիքն ունեցող մարդկանց։
Փետրվարի 5-ից 30-ամյա պաշտպանը չի մարզվել «ցլերի» կազմում, քանի որ ծանուցում է ստացել, որ հնարավորություն ունի օգնել ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանցից մեկին.
«Իհարկե, սկզբում մի փոքր զարմացա, որ կարող եմ դոնոր դառնալ, սակայն, առանց վարանելու ես ընդունեցի այդ առաջարկը։ Սա հնարավորություն է տալիս շատ քիչ ջանքերով փրկել մեկ այլ մարդու կյանքը, այդ պատճառով էլ ես այլ տարբերակ չունեի։
Հուսով եմ` կօգնեմ տվյալ մարդուն լիարժեք ապաքինվել»,- նշել է Օրբանը։
Մեծ է հավանականությունը, որ այդ գործընթացի պատճառով Օրբանը բաց կթողնի փետրվարի 11-ին Բունդեսլիգայի 20-րդ տուրում կայանալիք «Ունիոն Բեռլինի» դեմ կայանալիք հանդիպումը։
«Այո՛, հնարավոր է` բաց թողնեմ «Ունիոնի» դեմ կայանալիք հանդիպումը։ Այդուհանդերձ, չնայած իմ սպորտային ամբիցիաներին` այժմ դա երկրորդական է։ Ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ կանեմ հնարավոր ամեն բան, արագ «Լայպցիգի» շարք վերադառնալու համար»,- հավելել է հունգարացի պաշտպանը։
Վերջում ավելացնենք, որ Վիլի Օրբանը «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2015 թ. հուլիսից` անցկացրած 269 խաղում դառնալով 25 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Լայպցիգ, Վիլի Օրբան